ՍԵՆԱՏՈՐ ՍԵՄ ԲՐԱՈՒՆԲԵԿԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ Է, ՈՐ «ԻՐԱՆԸ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐ Է ՈՒՂԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացումը նշանակում է, որ Վաշինգտոնը աջակցում է նրանց, ովքեր օգնում են նրան ահաբեկիչների դեմ պայքարում: Այդ մասին ասվում է սենատոր Սեմ Բրաունբեկի դիմումում, որը տարածել է «Թուրան» գործակալությունը: «Ես գոհ եմ Սենատի ընդունած որոշումից, որը թույլատրում է նախագահին Ադրբեջանի վրայից հանել պատժամիջոցները», ասված է դիմումում: Սենատորի խոսքերով, Ադրբեջանը ամերիկյան ՌՕՈՒ-ին վայրէջք կատարելու, վառելիքով լցավորվելու եւ իր տարածքով թռչելու իրավունք է տրամադրել: Բացի դրանից, Բաքուն Վաշինգտոնին է տրամադրել իր հետախուզական տվյալները եւ հոսպիտալները: «907-րդ ուղղումը, ներկա ռազմարշավի ընթացքում, ադրբեջանական հոսպիտալներին թույլ չի տալիս օգնել վիրավոր ամերիկացիներին: Նույն ուղղումն էլ խանգարում է օդակայանների արդիականացմանը եւ մեր ավիացիայի թռիչքների վերահսկման բարելավմանը, որը կարող է անհրաժեշտ լինել մեր ռազմական ուժերի աջակցման համար», ասված է դիմումում: Բրաունբեկը գտնում է, որ 907-րդ ուղղումը «կապում է» վարչակազմի ձեռքերը «ահաբեկչության դեմ կռվում իր ռազմավարական կարեւոր դաշնակցի» հետ աշխատելու համար: Սենատորը վստահ է, որ եթե ԱՄՆ չաջակցի Կենտրոնական Ասիայի նորանկախ երկրներին եւ Ադրբեջանին, ապա այդ տարածաշրջանում կուժեղանան այն երկրների ազդեցությունը, որոնք օժանդակում են ահաբեկիչներին: «Այսպես, այդ տարածաշրջան, մասնավորապես Ադրբեջան, Իրանն արդեն ուղարկել է ահաբեկիչներ»,- հաստատում է սենատորը: Բրաունբեկը ԱՄՆ-ին նույնպես կոչ արեց համագործակցել Միջին Ասիայի երկրների հետ, քանի որ այդ գործում ցանկացած սահմանափակումներ կծառայեն ֆունդամենտալիստների դիրքորոշման ամրացմանը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---