Էդգար Բաղդասարյան. «Արարատից Սիոն» ֆիլմի աշխատանքները մշակութային ցնցում են առաջացրել»

Էդգար Բաղդասարյան. «Արարատից Սիոն» ֆիլմի աշխատանքները մշակութային ցնցում են առաջացրել»

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` նվիրված «Վէմ մեդիա արուեստներ» ստուդիայի նկարահանած «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի հայաստանյան պրեմիերային, որը ցուցադրվելու է երեկոյան, «Մոսկվա» կինոթատրոնում: Բանախոսներն էին ֆիլմի կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը, պրոդյուսեր և սցենարի հեղինակ տեր Մեսրոպ քհն Արամյանը, գլխավոր օպերատոր Ռուբեն Գասպարյանը, ինչպես նաև` ֆիլմի հովանավորներից «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և Flagship Ventures ընկերության տնօրեն Նուբար Աֆեյանը (ԱՄՆ): «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ընկերությունը նաև ֆիլմի հայաստանյան ցուցադրության հովանավորն է:

«Արարատից Սիոն»-ը ներկայացնում է հայ ժողովրդի դերը և ներդրումը մարդկության պատմության մեջ:

Երբեմն փոքր ժողովուրդներն իրականացնում են զարմանալիորեն մեծ, իրենց սահմաններից դուրս համամարդկային առաքելություններ: Այդպիսին է հայերի հոգևոր ներկայությունը Սուրբ Երկրի ժառանգության մեջ: Պատմական վայրիվերումների հոլովույթում, աներևակայելի զոհողությունների ու մաքառումների գնով, հայերը շարունակաբար ներկա են Սուրբ Երկրի կյանքում, սկսած 4-րդ դարից, երբ քրիստոնեությունը պաշտոնապես հաստատվեց այստեղ: Հայ ինքնության այս յուրահատուկ դրսևորումը քրիստոնեության պատմության ամենախոր վկայություններից մեկն է:

Կինոնկարում գործածված պատմական տվյալների զգալի մասը պահպանված չէ հայ պատմագրության մեջ, և մեր ինքնության կարևորագույն վկայություններ ցուցադրվում են առաջին անգամ:

Մեր պատմության հերոսը հայ ուխտավորն է, ով անցել է մահվան մեծ հավանականություն ունեցող ճանապարհներով և իրեն կոչել «մահտեսի»` «մահը տեսնող»: 18-րդ դարի Երուսաղեմի պատմիչ Հանա եպիսկոպոսը խորհուրդ է տալիս հայ ուխտավորներին այս կենաց և մահու ճամփան բռնելուց առաջ խոստովանել մեղքերը քահանային և կտակ գրել, որովհետև վերադառնալու հավանականությունը մեծ չի եղել: Այս մեծագույն հոգևոր սխրանքի և զոհաբերության շնորհիվ հայերն այսօր աշխարհի կենտրոնում են և քրիստոնեական գլխավոր սրբավայրերի հիմնական իրավատերերից են:

«Արարատից Սիոն»-ը պատկանելության և արժանապատվության կոչ է հայ մարդուն` դուրս գալու փոքրության բարդույթից և սեփական պատմության տերը դառնալու:

Ֆիլմի բնօրինակը անգլերեն լեզվով է, և ֆիլմի տեքստը պատմում է մեծանուն հոլիվուդյան դերասան Էյդան Քուինը: Ֆիլմում հնչում է այսօր համաշխարհային կինոյի ամենահայտնի երաժշտական հանճար Լիզա Ջերարդի ձայնը:

Ֆիլմը մտել է ութ միջազգային կինոփառատոների եզրափակիչ մրցանակային փուլ: Մայիսի 12-ից Միացյալ Թագավորությունում կայանալիք համաշխարհային պրեմիերայով սկսվում է ֆիլմի շրջագայությունը աշխարհում: Ֆիլմը ծրագրվում է ցույց տալ խոշորագույն ամերիկյան, եվրոպական և ռուսական հեռուստաալիքներով:

Համաշխարհային պրեմիերայից առաջ ֆիլմը հայերեն սինխրոն թարգմանությամբ ներկայացվում է հայ հանդիսատեսին «Մոսկվա» կինոթատրոնում՝ մայիսի 5-ից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---