Տարածաշրջանային խաղացողները չեն համաձայնի Ղարաբաղի 2 շրջաններից հայկական ուժերի դուրսբերման առաջարկին

Տարածաշրջանային խաղացողները չեն համաձայնի Ղարաբաղի 2 շրջաններից հայկական ուժերի դուրսբերման առաջարկին

PanARMENIAN.Net - Ղարաբաղին կից 2 շրջաններից հայկական ուժերի դուրսբերման շուրջ խոսակցությունները նորություն չեն, սակայն դրանց գործնական հատվածի համար հարկավոր է հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համապարփակ փաթեթին, որն իր մեջ կներառի բոլոր հարցերը, այդ թվում` Ղարաբաղի կարգավիճակը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ռազմավարական մշակույթի հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արեշևը` մեկնաբանելով թուրքական լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, որ Բաքու կատարելիք այցի շրջանակներում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանին կառաջարկի համաձայնել հայկական ուժերի դուրսբերմանը միայն Ֆիզուլիից և Քելբաջարից:

«Նման առաջարկը չի դիտարկվի, քանի որ դրան կհաջորդեն կտրուկ փոփոխություններ ուժերի դասավորության հարցում: Բացի դրանից, տարածաշրջանային խաղացողները դժվար թե համաձայնեն դրա հետ»,- ասաց ռուս փորձագետը` ավելացնելով, որ նման հաղորդագրությունները նպատակաուղղված են Էրդողանի` Բաքու կատարելիք այցի շուրջ տեղեկատվական ֆոնի ստեղծմանը:

Խոսելով Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացման գործընթացի մասին` Անդրեյ Արեշևն ասաց, որ իրադրությունն այստեղ միանշանակ է: «Թուրքական խորհրդարանում Արձանագրությունների ոչ մի վավերացում տեղի չի ունենա, մինչև Հայաստանը միակողմանի զիջումներ չանի ղարաբաղյան կարգավորման հարցում: Գործընթացը բարդ է, և դրա համար դեռ խորհրդակցությունների մի քանի փուլեր կպահանջվեն»,- ընդգծեց փորձագետը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---