Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը կախված է ներքաղաքական իրավիճակից

Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը կախված է ներքաղաքական իրավիճակից

PanARMENIAN.Net - Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունն ավելի շատ կախված է երկրի ներքաղաքական իրավիճակից, քան արտաքին գործոններից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է TESEV հիմնադրամի արտաքին քաղաքական ծրագրերի Հայաստանի գծով համակարգող Այբարս Գորջուլուն: Ըստ նրա, Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդի փոփոխմամբ, կուսակցությունն իր վարկանիշը գրեթե հավասարեցրեց իշխող Արդարության ու զարգացման կուսակցության վարկանիշին: «Դենիզ Բայկալի պաշտոնանկությունը և ուժեղ քաղաքական գործիչ Քեմալ Քըլիջարօղլուի մուտքը կարող է փոխել ուժերի դասավորությունն ապագա խորհրդարանում: Ես կարծում եմ, որ ԱԶԿ-ն արդեն չի կարողանա հավաքել ձայների ճնշող մեծամասնությունը հաջորդ համազգային ընտրություններում: Միանգամայն հավանական է, որ Թուրքիայի ապագա նախագահը կլինի Ռեջեփ Թայիփ Էրդողանը»,-ասել է Գորջուլուն` հավելելով, որ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն Թուրքիայում նորմալ կանցնի:

Միևնույն ժամանակ, նա հերքել է ադրբեջանական ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Քըլիջարօղլուի մայրը ծագումով հայ է: «Ոչ մի նման բան, կուսակցության նոր առաջնորդը ծագումով ալեվիտ է և հավատարիմ է Աթաթուրքի պատգամներին»,-ասել է թուրք փորձագետը:

 Ուշագրավ
---