Հովհաննես Հովհաննիսյան. Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական կողմը տարեցտարի բացասական դինամիկա է գրանցում

Հովհաննես Հովհաննիսյան. Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական կողմը տարեցտարի բացասական դինամիկա է գրանցում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունից երևում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում հայկական կողմը տարեցտարի բացասական դինամիկա է գրանցում: Այս մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Ըստ նրա, դա է ապացուցում այն, որ հայտարարության մեջ նշվում է «օկուպացիա» տերմինը, կամ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքներն օկուպացված են և Լեռնային Ղարաբաղը պետք է Հայաստանի հետ ունենա ոչ թե սահման, այլ միջանցք, ինչը վերահսկելի է: Իսկ Ակվիլայի հայտարարության մեջ նման դրույթներ չկային:

«Ինձ զարմացնում է, թե ինչպես կարող է ՀՀ ԱԳ նախարարը դրական արձագանքել այս հայտարարությանը և հատկապես նշել, որ հակամարտող կողմերը պետք է արտահայտեն իրենց դիրքորոշումը»,-ասել է Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա կարգավորման գործում առաջնային կարգով պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը և Հայաստանի հետ սահման ունենալու հարցը, իսկ հետո նոր կարելի է խոսել տարածքներ հանձնելու մասին: «Այսինքն կարգավիճակի և ընդհանուր սահմանի դիմաց, կարելի է որոշակի տարածքներ զիջել Ադրբեջանին: Սակայն մեր իշխանությունն արդեն 12 տարի է չկարողացավ անել այնպես, որպեսզի մենք ունենանք հզոր Լեռնային Ղարաբաղ, և հզոր Հայաստան»,-ասել է քաղաքական գործիչը:

Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի առաջիկա այցին` Հ.Հովհաննիսյանը կարծիք է հայտնել, որ այցի շրջանակներում քննարկվելու են ղարաբաղյան հարցը, հայ –թուրքական հարաբերությունները: «Չնայած Քլինթոնի այցին, հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել, քանի որ Ղարաբաղի հարցում առաջընթաց չկա: Իհարկե, ես կողմ եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սակայն այստեղ կարևոր է այն հարցը, թե ինչ գին ենք վճարում դրա դիմաց»,-ասել է Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահը:

 Ուշագրավ
---