3 հուլիսի 2010 - 15:25 AMT
Ֆուտբոլի ԱԱ առաջին կիսաեզրափակչի զույգը Հոլանդիայի և Ուրուգվայի հավաքականներն են

Հուլիսի 2-ին «Նելսոն Մանդելա Բեյ» (Պորտ-Էլիզաբեթ) մարզադաշտում կայացավ ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/4 եզրափակչի առաջին հանդիպումը: Հանդիպեցին Բրազիլիայի և Հոլանդիայի հավաքականները:

Առաջինը հաշիվը բացեցին բրազիլացիները: 10-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբինյոն: Առաջին խաղակեսում կողմերն այդպես էլ չկարողացան իրացնել իրենց բոլոր հնարավորությունները, և թիմերը ընդմիջման գնացին 1:0 հաշվով:

Երկրորդ խաղակեսում հոլանդացիներն ավելի ակտիվ էին: 53-րդ րոպեին Վեյսլի Սնեյդերի հարվածից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց բրազիլացիների պաշտպան Ֆելիպե Մելուն: 15 րոպե անց Ռոբբեն անկյունային հարվածով իրեն ուղարկված գնդակը պտտեցրեցնելով դարպասաձողին հարվածեց: Քայթը կասեցրեց գնդակը, և Սնեյդերը հարվածեց հոլանդացիների 2-րդ գոլը: Ֆելիպե Մելուին հեռացնելուց հետո Բրազիլիայի հավաքականը սկսեց զիջել բոլոր դիրքերում, և հանդիպումն ավարտվեց 1:2 հաշվով` հօգուտ Հոլանդիայի հավաքականի:

Կիսաեզրափակչում նրանք իրենց ուժերը կչափեն Ուրուգվայի հավաքականի հետ, որը «Սոքքեր Սիթի» մարզադաշտում (Յոհաննեսբուրգ) դժվարությամբ, հետխաղյա 11-մետրանոց հարվածների շարքում հաղթեց Գանայի հավաքականին:

Առաջինը հաշիվը բացեցին Գանայի ֆուտբոլիստները: Գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Սուլեյ Մունտարին: Երկրորդ խաղակեսում ուրուգվայցիների ռմբարկու Դիեգո Ֆորլանը տուգանային հարվածով հավասարեցրեց հաշիվը:

Թիմերը խաղացին լրացուցիչ 30 րոպեները, որոնք ընթացան առանց գոլերի: Արդեն վերջին վայրկյաններին ուրուգվայցիները երկու անգամ գնդակը դարպասի գծից դուրս հանեցին: Երկրորդ անգամ դա արեց հարձակվող Լուիս Սուարեսը և կարմիր քարտ ստացավ: Իսկ Ասամոա Գյանը չկարողացավ գոլով ավարտել 11-մետրանոց հարվածը:

Հետխաղյա 11-մետրանոց հարվածներում ավելի ճշգրիտ էին Ուրուգվայի ֆուտբոլիստները: Նրանք հաղթեցին 4:2 հաշվով:

Հուլիսի 3-ին կկայանան քառորդ եզրափակչի վերջին 2 խաղերը: Արգենտինայի հավաքականը կհանդիպի Գերմանիայի, Իսպանիայի հավաքականը` Պարագվայի հավաքականի հետ: