Լեռնիկ Ալեքսանյան. Հաագայի դատարանի որոշումը կբացի ադրբեջանցիների աչքերը

Լեռնիկ Ալեքսանյան. Հաագայի դատարանի որոշումը կբացի ադրբեջանցիների աչքերը

PanARMENIAN.Net - Կոսովոյի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումն, անշուշտ, դրական կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա, սակայն, միևնույն ժամանակ, պետք չէ ակնկալել, որ դա զգալի ազդեցություն կունենա ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Ըստ Ալեքսանյանի, չնայած նրան, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը խորհրդատվական բնույթ է կրում, այն կայացվել է իրավական տրամաբանության շրջանակներում: «Այդ դատավճիռը լավ հիմք է հանդիսանում ղարաբաղյան խնդիրը իրավական դաշտ տեղափոխելու համար: Այս որոշումը վերջապես կբացի ադրբեջանցիների աչքերը և նրանք կհասկանան, որ ղարաբաղյան խնդիրը կարելի է լուծել իրավական դաշտում»,-ասել է Ալեքսանյանը

Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ պատգամավորը նշել է, որ հայկական կողմը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը հարմար պահի: «Պետք է հարց տալ, թե ի՞նչ արդյունք կտա ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը: Հայկական կողմը պետք է որպես հաղթաթուղթ պահի այդ քայլը Ադրբեջանի հետ հարաբերություններում և օգտագործի պատեհ պահի»,-ասել է ՀՀԿ ներկայացուցիչը: Ըստ նրա, Հայաստանը կարող է օգտագործել այդ հաղթաթուղթը միայն երկու դեպքում. Երբ ադրբեջանական կողմը վերսկսի ռազմական գործողությունները կամ միջազգային հարաբերություններում բարենպաստ պայմաններ առաջանան ԼՂՀ անկախության ճանաչման համար:

 Ուշագրավ
---