Դավիթ Պետրոսյան. «Ադրբեջանի` С-300 համալիրի ձեռքբերումը խախտում է տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը» 4 օգոստոսի 2010 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո, Մոսկվայի նախաձեռնությամբ Հայաստանի, ԼՂՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի ԼՂՀ Պաշտպանական բանակի և Ադրբեջանի ԶՈՒ կրակի շփման գծում բոլոր ռազմական միջադեպերի փաստերի առիթով պետք է համատեղ քննարկումներ անցկացնեն: Հայկական կողմն այդ հարցը կարող է բարձրացնել բանակցությունների ժամանակ: Այս մասին ԱԺ արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է քաղաքական մեկնաբան Դավիթ Պետրոսյանը: Հանձնաժողովը «Սարդարապատ» շարժման նախաձեռնությամբ ձևավորման ընթացքում է: Անդրադառնալով ԶԼՄ-երում տարածում գտած այն լուրերին, որոնց համաձայն Ռուսաստանն Ադրբեջանին կարող է վաճառել С-300 պաշտպանական համալիր, Պետրոսյանը նշել է, որ եթե Ադրբեջանը ձեռք բերի այդ զինատեսակը, տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը կխախտվի: «Ռուսական կողմը պաշտպանական այդ համալիրի հնարավոր վաճառքը հետևյալ փաստարկներով է հիմնավորում. Ադրբեջանն այդ զենքերը ոչ թե Հայաստանի դեմ է օգտագործելու, այլ իր նավթի հորանցքներն Իրանի հնարավոր հարձակումից պաշտպանելու համար: Ռուս չինովնիկները նշում են նաև, որ եթե Ռուսաստանը հրաժարվի С-300 համալիրը վաճառել, ապա Ադրբեջանը, միևնույն է, այն գնելու է Իսրայելից», - ընդգծել է քաղաքական մեկնաբանը: Նա նաև նշել է, որ ռուսական կողմի փաստարկները վստահություն չեն ներշնչում, քանի որ Իրանը մտադրություն չունի Ադրբեջանի վրա հարձակվելու, իսկ Իսրայելը և ԱՄՆ-ն չեն պատրաստվում այդպիսի համալիր վաճառել Ադրբեջանին: Պետրոսյանը նշել է, որ Ադրբեջանն այդ համալիրն օգտագործելու է հարձակման նպատակներով: «Ադրբեջանի կողմից պատերազմական գործողությունները վերսկսվելու դեպքում հայկական կողմի պատասխան հարվածի արդյունավետությունը կտրուկ կնվազի», - ասել է Դավիթ Պետրոսյանը: Նա ավելացրել է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է այս հարցը քննարկի Ռուսաստանի հետ: Այս իրավիճակում շատ կարևոր է ԱՄՆ դերը, որը կարող է զսպել Ադրբեջանի ամբիցիաները: «Սրանից ելնելով, շատ կարևոր է Ադրբեջանում ԱՄՆ նոր դեսպանի նշանակումը, և նշանակություն չունի, թե ով կլինի` Բրայզան, թե մեկ ուրիշը», - ընդգծել է փորձագետը; Լրագրողների այն հարցին, թե ինչու հանկարծ Մոսկվան որոշեց Ադրբեջանին С-300 պաշտպանական համալիր վաճառել` քաջ գիտակցելով, որ այդպիսով տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը խախտվելու է, Պետրոսյանը նշել է, որ ներկայում Ռուսաստանն ավելի հետաքրքրված է Ադրբեջանով: «Ռուսաստանի ռազմավարական նպատակը իր խաղաղասիրական ուժերը ղարաբաղյան հակամարտության գոտում ներմուծելն է, և Ռուսաստանը ձգտում է դրան հասնել Ադրբեջանին այդ համալիրը վաճառելով: Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը դեռևս չի համաձայնում դրան, ու հիմա այդ հարցում բարձր մակարդակով «առևտուր է արվում»», - նշել է Դավիթ Պետրոսյանը:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |