Հարութ Սասունյան. Հայերը պետք է իրենց բոլոր ջանքերը կենտրոնացնեն Ցեղասպանության ընթացքում կրած վնասների արդար փոխհատուցման վրա![]() ![]() PanARMENIAN.Net - Անցյալ շաբաթ, Թուրքիայի կառավարության դեմ Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների ներկայացրած դատական հայցի մասին ցնցող լուրը հայտնվեց թուրքական թերթերի առաջին էջերում՝ մեծ հուզումներ առաջացնելով երկրում, գրում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր «Հայերը միլիարդավոր դոլարների հայց են ներկայացնում ընդդեմ Թուրքիայի» հոդվածում: Ըստ նրա, անկախ դատական գործի արդյունքներից, թուրքական իշխանությունները քաջ գիտակցում են, որ այս դատը պիտի նպաստի ցեղասպանությունից բխող հայկական պահանջների աշխարհով մեկ բացահայտմանը: «Հաշվի առնելով բոլոր հայկական հարցերի նկատմամբ թուրքական ավանդական հակազդեցությունը, չի բացառվում, որ Թուրքիայի ղեկավարները` զայրույթով բռնված հետ կանչեն իրենց ստորագրությունն արդեն իսկ սառեցված հայ-թուրքական արձանագրություններից: Միաժամանակ, Անկարան կարող է հրաժարվել հայկական սփյուռքի որոշ տարրերի սիրաշահելու անհաջող փորձերից»,-ասվում է հոդվածում: «Պատկերացրեք, թե ինչպիսի ցասման մեջ են ընկնելու թուրքական իշխանությունները, երբ հայերը պահանջեն վերադարձնել Թուրքիայի նախագահական պալատն Անկարայում, որը գտնվում է Ղասաբյանների ընտանիքից բռնագրավված հողերի վրա: Ավելին, «Ինջիրլիկ» ավիաբազան, Ադանայի մոտ գտնվող թուրք-ամերիկյան համատեղ ռազմական օբյեկտը կառուցվել է նախկին հայկական գյուղի տարածքում: Հայերը կարող են դատի տալ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Միացյալ Նահանգների կառավարություններին` հայ գյուղացիներից բռնագրավված գույքի շահագործումից օգուտ ստանալու համար»,-գրում է Հարութ Սասունյանը: Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիրը գտնում է, որ անցյալ շաբաթվա դատական հայցը վաղուց սպասված քայլ էր՝ Թուրքիայից հայոց պահանջատիրությանը հետամուտ լինելու և Հայոց ցեղասպանության զոհերի համար արդարության հասնելու ճանապարհին: Այժմ հայերը պետք է իրենց բոլոր ջանքերը կենտրոնացնեն Ցեղասպանության ընթացքում կրած վնասների արդար փոխհատուցման կամ վերադարձնելու վրա: Նման հայցերով պետք է դիմել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան, քանի որ Թուրքիան որպես Եվրոպայի խորհրդի անդամ, պարտավոր է հաշվի առնել այդ դատարանի դատավճիռը: «Շատ ցանկալի կլիներ, որ Հայ փաստաբանների միությունը կամ համանման մի կառույց համակարգեր այսպիսի դատական հայցերը և անհրաժեշտ խորհրդատվություն ու միջոցներ տրամադրեր հետագա հայցերի ներկայացման համար: Շատ կարևոր է նման գործողությունների համակարգումը Հայաստանի կառավարության հետ` անկախ այն հանգամանքից, նա պաշտոնապես կմիանա այս հայցին, թե ոչ: Սփյուռքի միասնական կառույցը, որն առաջարկել էի իմ նախորդ հոդվածներից մեկում, լիովին կարող էր որպես համակարգող մարմին ծառայել համահայկական հարցերին վերաբերող դատական հայցերի համար»,-ասվում է հոդվածում: Այսպիսի հայցերը պետք է ներկայացնել առանձնահատուկ հոգածությամբ, նախապատրաստությամբ և արհեստավարժությամբ, քանզի դրանք մեծ հետևանքներ կունենան ամբողջ հայ ժողովրդի համար: Եթե այս դատական հայցերից որևէ մեկը, ընթացակարգային խնդիրների պատճառով հաջողության չհասնի, թուրքական կառավարությունն արագորեն կհայտարարի հաղթանակի մասին` խեղաթյուրելով դատարանի որոշումը: Ավելորդ է նշել, որ օտարերկրյա կառավարություններին առնչվող նման քաղաքական նուրբ դատական գործեր վարելիս, պետք է ակնկալել, որ դատավորները կհայտնվեն թե Անկարայի, և թե Վաշինգտոնի հզոր ճնշման տակ: Գրեթե մեկ դար Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող հայ ժողովուրդը հիմա ոչ մի ջանք չպետք է խնայի իր վիթխարի կորուստները փոխհատուցելու և պատմական իրավունքները վերականգնելու համար, օգտագործելով իրավական բոլոր միջոցները՝ Միացյալ Նահանգների դաշնային դատարաններում, տարբեր երկրների, այդ թվում` Թուրքիայի դատարաններում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում և Միջազգային դատարանում, գրում է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր հոդվածում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |