Ալեքսանդր Մարկարով. Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը տարածաշրջանում անվտանգության պահպանման համար կայունացնող գործոն է

Ալեքսանդր Մարկարով. Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությունը տարածաշրջանում անվտանգության պահպանման համար կայունացնող գործոն է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է դրական ազդեցություն ունենան տարածաշրջանային կայունության զարգացման գործընթացի վրա: Այդ մասին Երևան-Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ հայտնել է ԱՊՀ Երկրների ինստիտուտի Հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Այդ համատեքստում հայ փորձագետն առանձնապես ընդգծել է Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայության ժամկետի երկարացման մասին պայմանագրի ստորագրումը: Նրա կարծիքով, պայմանագրի ստորագրումը պետք է դիտարկել ոչ միայն Ռուսաստանի ու Հայաստանի ռազմավարական հարաբերությունների, այլև տարածաշրջանային կայունության ու անվտանգության շրջանակներում: «Տեսականորեն մենք Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի ներկայությունը դիտարկում ենք որպես տարածաշրջանում անվտանգության առկայության ու պահպանման համար կայունացնող գործոն»,- նշել է նա: Դրա հետ մեկտեղ նա նկատել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է դիտարկել նաև տնտեսական հարթության վրա, քանի որ Ռուսաստանի ու Հայաստանի միջև տնտեսական համագործակցությունը շարունակվում է ոչ միայն էներգառեսուրսների ոլորտում: Նրա խոսքով, դիտարկվում է տրանսպորտային ենթակառույցների պոտենցիալ զարգացումը, որոնք ներառում են ոչ միայն Հայաստանը, այլև Իրանի հետ փոխգործակցությունը: «Դա համագործակցության ևս մեկ հնարավոր ուղղություն է, որին մասնակցելու է նաև ռուսական կողմը` մասնավորապես կապիտալի ներդրման միջոցով»,- նշել է Մարկարովը:

 Ուշագրավ
---