26 հոկտեմբերի 2010 - 14:07 AMT
Հսկաների ֆեդերացիան ու Հայաստանի «Երիտասարդական կուսակցությունը» միասին առողջ ապրելակերպ կքարոզեն

Հոկտեմբերի 26-ին Հայաստանի հսկաների ֆեդերացիայի նախագահ Արման Մովսիսյանը և Հայաստանի «Երիտասարդական կուսակցության» նախագահ Վահան Բաբայանը հանդիպել են լրագրողների հետ և հայտարարել են համատեղ գործունեության մեկնարկի մասին:

Ըստ Վահան Բաբայանի, նրանց կուսակցությունը մտադիր է առողջ ապրելակերպ քարոզել Հայաստանում: «Մենք ցանկանում ենք, որ հայ երիտասարդությունը զարգանա ոչ միայն մտավոր, այլ նաև ֆիզիկապես: Մենք ուրախ ենք համագործակցել Հսկաների ֆեդերացիայի հետ, և մեր կուսակցության բոլոր անդամներն ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում սպորտով զբաղվելու հնարավարություն ստանան»,-ասել է Բաբայանը:

Արման Մովսիսյանը նշել է,որ ֆեդերացիան գործում է 2009թ. սեպտեմբերից: Առաջին մրցաշարն անցել է Երևանում, որին մասնակցել են միայն մայրաքաղաքի մարզիկները: «Ստեփանակերտում մայիսի 9-ին տեղի ունեցավ Հայաստանի առաջին առաջնությունը, որին մասնակցեցին նաև Արցախի մարզիկները»,-ասել է Մովսիսյանը:

Արդեն հուլիսին հայ «հսկաները» Բելառուսում մասնակցեցին Եվրոպայի առաջնությանը և 8 մասնակից երկրների թվում գրավեցին երկրորդ տեղը:

Հայաստանում ուժային էքստրիմով է զբաղվում շուրջ 300 մարզիկ, սակայն կողմերը վստահ են, որ Հսկաների ֆեդերացիայի ու Հայաստանի «Երիտասարդական կուսակցության» համատեղ ջանքերի միջոցով այդ մարզաձևով զբաղվողների թիվը կավելանա: