29 հոկտեմբերի 2010 - 14:54 AMT
Իրանում մամուլի ցուցահանդեսի կազմակերպիչները խնդրել են հայ լրագրողներին շարունակել իրենց մասնակցությունը ցուցահանդեսին, բայց մերժում են ստացել

Իրանում ընթացող մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանես-փառատոնում, որտեղ Հայաստանը ներկայացնում են PanARMENIAN.Net գործակալությունը և «Ազգ» օրաթերթը, խնդրել են Հայաստանի ներկայացուցիչներին շարունակել իրենց մասնակցությունը, բայց մերժում են ստացել, քանի որ իրանական կողմը չի կատարել իր խոստումը և Հայաստանի տաղավարի վահանակին չի փակցրել «Մենք ենք՝ մեր սարերը» հայկական հուշարձանի լուսանկարը: Մերժումից հետո ցուցահանդեսի կազմակերպիչները հայտարարել են, որ այլևս մտադիր չեն վճարել Իրանում հայ լրագրողների կեցության համար և նախազգուշացրել են, որ պետք է ազատեն հյուրանոցը: Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանի աջակցության շնորհիվ հայ լրագրողները Երևան կվերադառնան հոկտեմբերի 30-ի գիշերը:

Բացի դրանից, ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակից Եկատերինա Պողոսյանն Իրանից, պարզվել է, որ նախօրեին կազմակերպիչները ցուցահանդեսի մասնակիցներից ետ են վերցրել հայկական կողմի տարածած հայտարարության տեքստը: Սակայն այդ քայլն իմաստ չի ունեցել, քանի որ արտասահմանյան թղթակիցներն արդեն հասցրել էին ծանոթանալ այդ հայտարարությանը: Իսկ հոկտեմբերի 28-ի երեկոյան անհասկանալի պատճառներով հայ գործընկերների հետ ծանոթանալու ցանկություն էր հայտնել ադրբեջանցի լրագրողը:

Իրանում ընթացող մամուլի և տեղեկատվական գործակալությունների 17-րդ միջազգային ցուցահանդես-փառատոնի կազմակերպիչները, որտեղ Հայաստանը ներկայացնում են PanARMENIAN.Net գործակալությունը և «Ազգ» օրաթերթը, փորձում են խանգարել հայկական կողմի հայտարարության տարածմանը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Netի թղթակից Եկատերինա Պողոսյանը Թեհրանից, որոշ ժամանակ անց այն բանից հետո, երբ Հայաստանի ներկայացուցիչները սկսել են հայտարարություն տարածել ցուցահանդեսի մասնակիցների շարքում, նրանց մոտեցել է կազմակերպիչներից մեկը և ձայնը բարձրացնելով հայտարարել, որ նրանք իրավունք չունեն ինչ-որ բան տարածել սրահում, որտեղ տեղի է ունենում ցուցահանդեսը: Ի պատասխան այդ հայտարարության, լրագրողները ցուցադրել են Լեռնային Ղարաբաղի մասին «գիրքը», որը տարածում է ադրբեջանական պատվիրակությունը, և հետաքրքրվել, թե գիտեն արդյոք այդ մասին կազմակերպիրչները: Կազմկոմիտեի ներկայացուցիչը, որը բնականաբար տեղյակ չի եղել ադրբեջանական պատվիրակության նման գործողությունների մասին, անհապաղ մոտեցել է Ադրբեջանի տաղավարին և վերադառնալուց հետո խոստացել, որ բոլոր գրքերը առգրավվելու են և այլևս չեն տարածվելու ցուցահանդեսի մասնակիցների շարքում: Միաժամանակ նա փորձել է գիրքը վերցնել հայ լրագրողներից, սակայն այդ փորձը հաջողությամբ չի պսակվել: Հայաստանի ներկայացուցիչներին կտրականապես արգելել են տարածել հայտարարությունը: Այնուամենայնիվ, PanARMENIAN.Net ի և «Ազգ» օրաթերթի թղթակիցները մտադիր են ավելի ուշ տարածել այդ հայտարարությունը ցուցահանդեսի բոլոր մասնակիցների շրջանում: Նշենք, որ այս միջադեպը և հայկական պատվիրակության բոյկոտն առաջացրել է ցուցահանդեսի գրեթե բոլոր մասնակիցների արձագանքը, որոնք հայտարարել են հայկական կողմին իրենց աջակցության մասին և մտադիր են դիմել ցուցահանդեսի կազմկոմիտեին` ադրբեջանական պատվիրակության նման պահվածքի և միջոցառման կազմակերպման վերաբերյալ բողոքներով:

PanARMENIAN.Net ի և «Ազգ» օրաթերթի թղթակիցները, որոնք ներկայացնում են Հայաստանը Թեհրանում ընթացող մամուլի և տեղեկատվական գործակալությունների ցուցահանդես-փառատոնում, որոշում են ընդունել բոյկոտել ցուցահանդեսը: «Քանի որ իրանական կողմը չի կատարել իր խոստումը և չի վերադարձրել «Մենք ենք` մեր սարերը» հայկական հուշարձանի լուսանկարը տաղավարի վահանակին, դրա փոխարեն տեղադրելով Երևանի Հանրապետության հրապարակի երգող շատրվանների լուսանկարը, ապա մենք բոյկոտի ենք ենթարկում ցուցահանդեսը: Հայաստանի պատվիրակությունը կբաժանի հայտարարության տեքստը համաժողովի բոլոր մասնակիցներին: Մենք մտադիր ենք նաև շուտով փակել Հայաստանի տաղավարը»,- հայտարարել է PanARMENIAN.Netի թղթակից Եկատերինա Պողոսյանը:

Հայտարությունում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի գործընկերներ, մենք` մամուլի և տեղեկատվական գործակալությունների ցուցահանդես-փառատոնում Հայաստանը ներկայացնողPanARMENIAN.Net գործակալության և «Ազգ» օրաթերթի թղթակիցներս, ներողություն ենք խնդրում, որ չենք կարող շարունակել մեր մասնակցությունը ցուցահանդեսին նրա անբավարար կազմակերպվածության պատճառով: Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն փաստը, որ հենց մամուլի ցուցահանդեսում է ոտնահարվում ԶԼՄ-ների ազատությունը, մասնավորապես, առանց պատճառների սահմանափակումներ են դրվում մեր երկիրը ներկայացնող նյութերի վրա: Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում այն փաստի առնչությամբ, որ կազմակերպիչները խոչընդոտում են «Մենք ենք՝ մեր սարերը» հայկական հուշարձանի լուսանկարը հայկական տաղավարի վահանակին փակցնելուն: Այսպիսով, կազմակերպիչները տեղի են տալիս ադրբեջանական պատվիրակության սադրանքին, որն առիթը բաց չի թողնում ցուցահանդեսը հակահայկական քարոզչության համար օգտագործելու և բնիկ հայկական տարածքի` Արցախի նկատմամբ անհիմն նկրտումներ առաջադրելու համար: Քանի որ կազմակերպիչները չեն կատարել իրենց խոստումը «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձանի լուսանկարը հայկական տաղավարի վահանակին կրկին փակցնելու մասին, մենք հնարավոր չենք համարում հայկական կողմի հետագա մասնակցությունն այս միջոցառմանը»:

Ցուցահանդեսում, Հայաստանը, ինչպես նաև այլ մասնակից երկրներ, ներկայացված է առանձին տաղավարով, որտեղ վահանակի վրա տեղադրվել էր Արցախի խորհրդանիշ «Մենք ենք՝ մեր սարերը» հուշարձանի լուսանկարը՝ որպես Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկը: Հայկական կողմի նման նախաձեռնությունն ակնհայտորեն ադրբեջանական պատվիրակության սրտով չի եղել: Այն ժամանակ, երբ PanARMENIAN.Net ի և «Ազգ» օրաթերթի թղթակիցները պատրաստել են հայկական տաղավարի բացումը, ադրբեջանական խումբը հետևել է նրանց աշխատանքին: Այն բանից հետո, երբ վահանակին ամրացվել է Հայաստանի և ԼՂՀ-ի պետական քարտեզը, ադրբեջանցիները գազազել են: Սկզբից նրանք իրանական կողմից պահանջել են հանել քարտեզը և հայկական հուշարձանի լուսանկարը, բայց, չսպասելով կազմակերպիչների կողմից ինչ-որ որոշում ընդունելուն, ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչը ներխուժել է հայկական տաղավար, պոկել Հայաստանի քարտեզը և փորձել պատռել այն: Պետք է նշել, որ իրենց շահերը պաշտպանելու համար ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները օգնության են կանչել թուրքական պատվիրակությանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչները փորձել են հոգեպես անհավասարակշիռ ադրբեջանցուն հեռու տանել հայկական տաղավարից, սակայն նրա պահվածքն արդեն հասցրել է գրավել ցուցահանդեսի արտասահմանյան մասնակիցների ուշադրությունը: Հաջորդ օրվա առավոտյան PanARMENIAN.Net ի ու «Ազգ» օրաթերթի թղթակիցները, մոտենալով հայկական տաղավարին, հայտնաբերեցին, որ լուսանկարը հանվել է վահանակից: Սակայն հայկական կողմի ներկայացուցիչները ցույց էին տալիս այդ լուսանկարը տաղավարի այցելուներին:

Վերջին պահին Թեհրանում մամուլի միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչները վախեցել են հայկական տաղավարի վահանակին վերադարձնել Արցախի «Մենք ենք, մեր սարերը» խորհրդանիշ-հուշարձանի լուսանկարը: Ավելի ուշ հայկական կողմն իրազեկել էր կազմակերպիչներին, որ եթե հոկտեմբերի 28-ին լուսանկարը փակցված չլինի տաղավարում, ապա հայկական կողմը կբոյկոտի միջոցառումը: