Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովի հաղորդագրությունը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, հերթական անգամ հանդես բերելով բարի կամքի դրսևորում և առաջնորդվելով միջազգային մարդասիրական նորմերով, սույն թվականի նոյեմբերի 6-ին` տեղական ժամանակով ժամը 15:15-ին, Աղդամի ուղղությամբ Բաշ Քարվենդ գյուղի մերձակայքում, ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի վրա Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) Ստեփանակերտի գրասենյակի միջնորդությամբ վերադարձրել են ադրբեջանցի երկու զինծառայողների դիակները, հաղորդում է ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը:
Ադրբեջանին են հանձնվել դիվերսանտներ Մուբարիզ Իբրահիմովի ու Ֆարիդ Ահմեդովի դիակները: Միաժամանակ տեղի է ունեցել նաև ԼՂՀ քաղաքացի Գավրուշ Խաչատուրի Առուստամյանի դիակի հանձնումը ղարաբաղյան կողմին:
Ռազմագերիների ու սպանվածների դիակների փոխանակության մասին համաձայնագիրը ձեռք է բերվել հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ: