Սերժ Սարգսյանը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հրավիրեց այցելել Հայաստան

Սերժ Սարգսյանը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին հրավիրեց այցելել Հայաստան

PanARMENIAN.Net - «Հայաստանն ու Թուրքմենստանը համագործակցության լուրջ ներուժ ունեն էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության ոլորտներում»,- Աշխաբադում ելույթ ունենալով Թուրքմենստանի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում` հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ կողմերի ապրանքարտադրողների արտադրանքի ներկայացման, տնտեսվարող սուբյեկտների միջև ուղիղ կապերի հաստատման համար լավ հնարավորություն են գործարար-համաժողովները, որոնցից հերթականն իր աշխատանքն սկսեց Աշխաբադում:

Կայացած բանակցությունների ընթացքում Հայաստանի և Թուրքմենստանի նախագահներն ընդգծել են տնտեսական համագործակցության հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության կարևորությունը ևս: Սերժ Սարգսյանը նշել է, որ մեծ նշանակություն է տրվել հումանիտար ոլորտում համագործակցության հարցերին. ստորագրվել են մշակույթի, կրթության ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովն իր խոսքում նշել է, որ Հայաստանի նախագահի պաշտոնական այցը կարող է անկյունաքար դառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման համար: «Մենք ջերմությամբ ենք վերաբերվում Հայաստանին և նրա աշխատասեր ժողովրդին»,-ասել է Թուրքմենստանի նախագահը` շնորհակալություն հայտնելով նախագահ Սարգսյանին` Հայաստան պաշտոնական այցի հրավերի համար: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտնել է, որ Աշխաբադը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու և մի շարք ոլորտներում` մեքենաշինություն, էլեկտրոնիկա, դեղագործություն, գյուղմթերքի արտադրություն և այլն, համագործակցության հեռանկար է տեսնում:

Այսօր երեկոյան Թուրքմենստանի նախագահի անունից ի պատիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական ընթրիք կմատուցվի, տրվել է պաշտոնական ընթրիք, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

Հայ-թուրքմենական հարաբերություններ

Դիվանագիտական հարաբերությունները Հայաստանի ու Թուրքմենստանի միջև հաստատվել են 1992 թվականին: Երկու երկրների միջև հաստատվել են վստահելի և բարեկամական հարաբերություններ: Երկու պետությունների նախագահները 2008թ. հունիսին կայացած հեռախոսազրույցում ևս մեկ անգամ հաստատեցին կողմերի պատրաստակամությունը լայնածավալ համագործակցություն զարգացնել բոլոր ոլորտներում:

2009թ. ապրիլին տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցը Թուրքմենստան: Թուրքմենստան Նալբանդյանի այցից հետո երկու երկրների ԱԳ նախարարները ստորագրեցին Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարության ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության մասին արձանագրությունը:
Մինչդեռ Հայաստանի ու Թուրքմենստանի միջև ստորագրվել է շուրջ 57 միջպետական, միջկառավարական ու միջգերատեսչական համաձայնագիր: Ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ապրանքաշրջանառությունը Թուրքմենստանի ու ՀՀ-ի միջև 2009թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 17 312 900 դոլար:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---