ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի թեկնածուի մասին որոշում կկայացնի 2010թ. դեկտեմբերի 16-ին

ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի թեկնածուի մասին որոշում կկայացնի 2010թ. դեկտեմբերի 16-ին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀԿ Խորհրդի նիստը, որի ժամանակ քննարկվել է Երևանի քաղաքապետի թեկնածությունը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը: Ըստ նրա, Խորհուրդը քննարկել է 2 թեկնածություն՝«ՀայՌուսգազարդի» ղեկավար Կարեն Կարապետյանի և Երևանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունները: «Վերջնական որոշումը կկայացվի այսօր երեկոյան խորհրդի հերթական նիստում»,-ասել է Զաքարյանը: Ինչ վերաբերում է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի անդամությանը ՀՀԿ-ին, ապա, ըստ Զաքարյանի, այդ հարցը չի քննարկվել:

Նոր քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 17-ին:

Դեկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական տվեց: Հրաժարականի պատճառը միջադեպն է, որ տեղի է ունեցել նրա և ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգային ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին հանրահայտ տենոր Պլասիդո Դոմինգոյի երևանյան համերգի ժամանակ:

Մասնավորապես, Բեգլարյանի տիկինը և նրա ընկերուհին զբաղեցրել են Հայաստանի նախագահի համար նախատեսված տեղերի հարևան աթոռները, որտեղ ըստ արարողակարգի իրավունք ունեն նստելու միայն Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԱԺ խոսնակը և վարչապետը: Արամ Կանդայանը խնդրել է Բեգլարյանի տիկնոջը մեկ այլ տեղ զբաղեցնել: Սակայն, այդ խնդրանքը առաջացրել է վերջինիս վրդովմունքը, որն այդ միջադեպի առնչությամբ բողոքել է ամուսնուն: Իր հերթին Գագիկ Բեգլարյանը խնդրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին հանդիպում կազմակերպել Արամ Կանդայանի հետ, որին նախկին քաղաքապետը տարել է իրեն պատկանող «Մետաքս» կոմբինատ և դաժան ծեծի ենթարկել:

 Ուշագրավ
---