Տիգրան Սարգսյան. Հայաստանը պետք է որակյալ առաջընթաց ապահովի ԵՄ-ի հետ հարաբերություններում

Տիգրան Սարգսյան. Հայաստանը պետք է որակյալ առաջընթաց ապահովի ԵՄ-ի հետ հարաբերություններում

PanARMENIAN.Net - Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Եվրոպական միության գործիքների արդյունավետ կիրառման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: 2011-13թթ. Ազգային ինդիկատիվ ծրագիրը հավանության էր արժանացել ընթացիկ տարվա մարտին:

Կառավարության ղեկավարն, անդրադառնալով հարցի կարևորությանը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա մեր խորհրդակցությունը նվիրված է Եվրոպական միության գործիքների կիրառման վերաբերյալ մեր պատկերացումներին, այն սեմինարներին ու խորհրդակցություններին, որոնք անցկացվեցին Հայաստանում, որպեսզի մեր բոլոր գերատեսչությունները և նախարարությունները հստակ պատկերացում ունենան, առաջինը` Ազգային ծրագրով իրենց ոլորտում ինչ խնդիրներ են դրված, և երկրորդը` Ազգային ծրագրի միջոցառումներն իրականացնելու ժամանակ ինչպիսի գործիքակազմ է առաջարկվում Եվրամիության կողմից, և կոնկրետ նախարարություններն ինչպես կարող են օգտվել այն տեխնիկական, ֆինանսական օժանդակությունից, որ մենք ստանալու ենք: 2011 թվականն այդ առումով մեզ համար պետք է բեկումնային լինի: Մենք պետք է որակական առաջընթաց ապահովենք Եվրամիության հետ մեր հարաբերություններում, և այստեղ լուրջ անելիքներ կան», հաղորդու է կառավարության մամլո ծառայությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` որպես ԵՄ-ի հետ համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող գերատեսչության ղեկավար, զեկուցել է Եվրամիության կողմից Ազգային ինդիկատիվ ծրագրով Հայաստանին տրամադրվող աջակցության ծավալի և կառուցվածքի մասին: Այնուհետև ամփոփ ներկայացվել են սեմինարին մասնակցած պետական պաշտոնյաների հաշվետվությունները:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդակցության մասնակիցների կողմից ներկայացվել են առաջարկություններ համապատասխան գերատեսչություններում ԵՄ գործիքների արդյունավետ կիրառման առնչությամբ: Ամփոփելով քննարկման արդյունքները` Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին, ինչպես նաև հանձնարարել հնչեցված առաջարկությունները երկշաբաթյա ժամկետում գրավոր ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---