Փետրվարի 2-ին Հայաստանի կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Արարատյան դաշտի ստորերկրյա խորքային (այդ թվում` ինքնաշատրվանող) հորերից ջրային ռեսուրսների հաշվառման, արդյունավետ կառավարման և պահպանության համատեքստում ձկնաբուծական տնտեսությունների գործունեության վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, խորհրդակցությանը մասնակցում էին կառավարության անդամներ, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, Արարատյան դաշտում ավելի քան 20 ձկնաբուծական տնտեսություն վարողներ:
Կառավարության ղեկավարը նշել է, որ 2010թ. ձկնաբուծության ոլորտում Հայաստանը ունեցել է բավական լուրջ առաջընթաց: «Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ կառավարությունն ընդունել է մի քանի որոշումներ և նորմատիվ ակտեր, որոնք ստեղծում են ավելի բարենպաստ պայմաններ ձկնաբուծության համար և, մասնավորապես, ձկան արտահանման համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ վարչապետի առաջարկությամբ պայմանավորվածություն է ձեռք բերվել ջրաչափի տեղադրման փորձնական ծրագիր իրականացնել որևիցե ձկնաբուծական տնտեսությունում` ցույց տալու համար ջրաչափի տեղադրման անվտանգությունը և ռիսկայնության բացակայությունը: «Հանձնարարական է տրվել բնապահպանության նախարարին` բոլոր տնտեսությունների ցուցակն ըստ չափերի` խոշորներից փոքր տեղադրել բնապահպանության նախարարության կայքէջում: Ջրաչափեր տեղադրելու համար տրված ժամկետի ավարտից հետո մենք սկսելու ենք ստուգումներ խոշորներից դեպի փոքրեր, և չի լինելու որևիցե մեկը, ով կխուսափի ստուգումներից: Բոլոր ստուգումները լինելու են հրապարակային, և այս հարցում հետևողականորեն առաջ ենք գնալու»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, որ օրենսդրության պահանջները խախտող ձկնաբուծական տնտեսությունները խստագույնս կպատժվեն: