Ռազմական շանտաժը պատերազմից բացի ոչնչի չի կարող հանգեցնել, հայտարարել է հայ փորձագետը

Ռազմական շանտաժը պատերազմից բացի ոչնչի չի կարող հանգեցնել, հայտարարել է հայ փորձագետը

PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունը ցույց տվեց Իլհամ Ալիևի քաղաքականության անարդյունավետությունը՝ ուղղված ռազմատենչ հռետորության կիրառմանը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ռեսուրս: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է Կովկասի ինստիտուտի գիտական հետազոտությունների բաժնի ղեկավար Սերգեյ Մինասյանը:

«Ռազմական շանտաժը պատերազմից բացի ոչնչի չի կարող հանգեցնել: Ամենայն հավանականությամբ, Ալիևը հաշվի առավ ռազմական գործողություններ սկսելու բոլոր բացասական հետևանքները՝ կապված տասնյակ հազարավոր զոհերի և տարածաշրջանի ենթակառուցվածքի էներգետիկ և տնտեսական քայքայման հետ: Այս դեպքում նա ամեն ինչ պետք է անի ստեղծված իրավիճակից դուրս գալու և դեմքը պահպանելու համար»,- ասել է Մինասյանը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը, Դմիտրի Մեդվեդևը և Իլհամ Ալիևը Սոչիում բանակցությունների արդյունքում ընդունել են համատեղ հայտարարություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Ինչպես նշվում է փաստաթղթում, առաջնորդները քննարկել են 2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում կայացած հանդիպման ժամանակ ընդունված եռակողմ հայտարարության գործնական իրագործման հարցերը: Մասնավորապես, նախագահները պայմանավորվել են կարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակման գործընթացը:

Բացի դրանից, փաստաթղթում նշվում է «բոլոր վիճելի հարցերը խաղաղ միջոցներով լուծելու և զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության անցկացման ձգտումը կողմերի մասնակցությամբ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

«Նախագահները նշել են իրենց կանոնավոր հանդիպումների կարևոր նշանակությունը ղարաբաղյան կարգավորման համար և պայմանավորվել շարունակել դրանք նման ձևաչափում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների աշխատանքի հետ միասին»,- ասվում է հայտարարությունում:

 Ուշագրավ
---