Զբոսաշրջության զարգացման համաշխարհային վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 90-րդ տեղը 139 երկրների շարքում 7 մարտի 2011 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Համաշխարհային տնտեսական ֆորումը մարտի 7-ին հրապարակել է «Ճամփորդություն եւ զբոսաշրջություն. մրցունակություն 2011» զեկույցը։ Զեկույցում ներկայացված 139 երկրների շարքում Հայաստանը 90-րդ տեղում է, նախորդ` 2009 թվականի զեկույցի համեմատ արձանագրելով 1 աստիճանի առաջընթաց: Հայաստանի հարեւանները հիմնականում ավելի առաջատար դիրքերում են. Վրաստանը 73-րդ տեղում է, Ադրբեջանը 83, Թուրքիան` 50-րդ, Իրանը` 114 տեղում է: Եվրոպական 42 երկրների շարքում Հայաստանը 40-րդն է։ Զեկույցում բերված ցուցակներից եվրոպական ընդամենը երկու երկիր Հայաստանից ավելի վատ ցուցանիշ ունեն` Բոսնիա եւ Հերցեգովինան ու Մոլդովան: Զեկույցում ներկայացված ցանկում առաջին տեղերում են Շվեյցարիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան, Շվեդիան, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Կանադան եւ Սինգապուրը: Յուրաքանչյուր երկրի ինդեքսը կազմվում է համադրելով մի շարք պայմաններ, այդ թվում` տվյալ երկրի օրենսդրությունը, շրջակա միջավայրի կայունությունը, ապահովությունը, առողջության ու հիգիենայի պահպանումը, ճամփորդության ու զբոսաշրջության առաջնահերթությունը, ավիացիոն ու ցամաքային տրանսպորտի ենթակառույցները, գները, բնությունը, մարդկային, մշակութային հարստությունը: Զեկույցում նշվում է, որ միջազգային տնտեսական ճգնաժամի դժվարին շրջանից հետո զբոսաշրջության ոլորտը դանդաղորեն վերականգնվում է, 2010 թվականին ոլորտում արձանագրվել է 5-ից 6 տոկոսի աճ։ Ըստ պաշտոնական տվյալների, ճգնաժամային 2009թ., երբ Հայաստանի տնտեսության մեջ անկում գրանցվեց, աճը զբոսաշրջության ոլորտում կազմեց 4 տոկոս: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության, 2010թ. Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակն ավելացել է 18,9 տոկոսով՝ 2009թ. համեմատ: Զբոսաշրջիկների ընթհանուր թիվը կազմել է 683 979 մարդ՝ 2009թ. 575 281-ի դիմաց: Իշխանությունները հավաստիացնում են, որ ոլորտի աճը կշարունակվի նաև 2011թ., ավելին, խնդիր է դրված՝ երկիր այցելած զբոսաշրջիկների քանակը 5 տարում հասցնել 3 միլիոնի: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |