Երևանի Գաֆեսճեան արվեստի կենտրոնը դեռահասներին նոր մատուցմամբ կծանոթացնի հին խորհրդանիշերին

PanARMENIAN.Net - Երևանի Գաֆեսճեան արվեստի կենտրոնը մարտի 12-ից ապրիլի 10-ը «Հին խորհրդանիշերը նոր մատուցմամբ» ուսումնական ծրագրերի շարք կանցկացնի 12-17 տարեկան դեռահասների համար: Ծրագրերը նվիրված են Զատիկի, գարնան և վերածնության թեմաներին:

Առաջին դասընթացը տեղի կունենա մարտի 12-13-ը: Վարպետության դասը կանցկացնի հայ դիզայներ և ոսկերիչ Արման Դավթյանը (Նուռ):

«Ծրագրի նպատակն է դեռահասներին ծանոթացնել հայկական հին խորհրդանիշերին և նորերի ստեղծմանը: Մենք մասնակիցներին կապահովենք անհրաժեշտ նյութերով, իսկ վարպետության դասերից հետո նրանց աշխատանքները կցուցադրվեն մեր թանգարանի առաջին հարկում»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է կենտրոնի մարքեթինգի և հասարակայնության հետ կապի բաժնի վարիչ Աննա Սիմոնյանը:

Շաբաթական երկու անգամ ծրագրված վարպետության դասերը կանցկացնեն դիզայներներ Լիլիթ Ստեփանյանն ու Լիլիթ Ավետյանը, ազգագրագետներ Սոնյա Թաշչյանն ու Լուսիկ Ագուլեցին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---