11 մարտի 2011 - 14:52 AMT
Սադրանքները Ղարաբաղի հետ սահմանում դարձել են Ադրբեջանի այցեքարտը, գտնում է հայ քաղաքագետը

Սադրանքները Ղարաբաղի հետ սահմանում դարձել են Ադրբեջանի այցեքարտը, գտնում է հայ քաղաքագետը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական բաժանմունքի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:

«Վերջին 2 տարում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ղարաբաղյան կարգավորման բանակցություններից առաջ և հետո սադրիչ գործողություններ է հրահրում շփման գծում: Հայ զինվորի սպանությունը, ինչպես նաև ադրբեջանական կողմի այն հայտարարությունը, թե իբր հայկական ուժերի կողմից ադրբեջանցի երեխա է սպանվել, սադրիչ քաղաքականության դրսևորումներ են»,-ասել է քաղաքագետը:

ԵԱՀԿ առաքելության դիտարկումից ընդամենը ժամեր անց,` իսկ ավելի կոնկրետ մարտի 10-ին ժամը 18:20-ի սահմաններում Կուրոպատկինո գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված փամփուշտից զոհվեց ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Արթուր Սամվելի Աղաբաբյանը: