Արամ Կարապետյանը գտնում է, որ Հայաստանի նախագահը բացահայտորեն խոստովանել է երկրում սոցիալական ըդնվզման հնարավորությունը

Արամ Կարապետյանը գտնում է, որ Հայաստանի նախագահը բացահայտորեն խոստովանել է երկրում սոցիալական ըդնվզման հնարավորությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս կատարած հայտարարությամբ խոստովանել է, որ Հայաստանում իրավիճակը մոտ է կրիտիկականի, և երկրում հնարավոր է սոցիալական ընդվզում: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նրա խոսքերով, այդ հայտարարությունը նպատակ ուներ ցույց տալ, որ նախագահը տեղյակ է երկրի ներքին խնդիրներին, քննարկում է այդ խնդիրները կառավարության հետ և պատրաստ է քննարկել որոշ պահանջներ, որոնք հնչել են մարտի 1-ին տեղի ունեցած ցույցի ժամանակ: «Սերժ Սարգսյանի հայտարարությունում ռացիոնալ հատիկ կար, բայց մենք նման հայտարարություններ նախկինում էլ ենք լսել, բայց չենք տեսել գործողություններ»,-ասել է Կարապետյանը: Նրա կարծիքով, Սերժ Սարգսյանը չի գնա և չի կարող գնալ երկրում լայնածավալ փոփոխությունների:

Ավելի վաղ Ծաղկաձորում Հայաստանի նախագահը հայտարարել է, որ խնդիրները շատ են, և դրանք պետք է լուծել, Հայաստանն ունի բարեփոխումների բազմաթիվ ծրագրեր, որոնք պետք է տեսանելի և արդյունավետ լինեն: Նրա խոսքերով, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, մինչև այդ մեր տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները, 2010-ին գյուղատնտեսության խնդիրները մեծ դժվարություններ են ստեղծել ինչպես իշխանությունների, այնպես էլ ժողովրդի համար: «Օրինաչափ է, որ մարդիկ փոփոխություններ են ցանկանում, և բնական է, որ մենք ցանկանում ենք դրանք արագացնել: Մենք արդեն հաջող բարեփոխումների օրինակ ունենք` փոփոխություններ կենսաթոշակային ոլորտում: Մենք պատրաստ ենք լսել քննադատություն և առաջարկներ, բայց այդ քննադատությունը պետք է ուղղված լինի կոնկրետ խնդիրների լուծմանը, այլ ոչ ուղղված լինի էլեկտորատ ներգրավելուն: Բարեփոխումները միշտ խնդրահարույց են և ցավոտ: Իհարկե, յուրաքանչյուր քաղաքական ուժ ձգտում է օգտագործել այդ խնդիրները: Մյուս կողմից, ցանկանում եմ հայտարարել, որ մենք շարունակելու ենք բարեփոխումները: Ավելի լուրջ գործընթացներ են առկա ոստիկանությունում, դատաիրավական համակարգում, հարկային և մաքսային ոլորտներում, և դրանք պետք է հանգեցնեն նրան, որպեսզի խոշոր քաղաքական քարոզարշավների ժամանակ ժողովուրդն իմանա, թե ում տա ձայնը»,- ասել է ՀՀ նախագահը:

 Ուշագրավ
---