Հայաստանի դպրոցներում ֆրանսերենով լրացուցիչ կրթական ծրագրեր կներդրվեն

Հայաստանի դպրոցներում ֆրանսերենով լրացուցիչ կրթական ծրագրեր կներդրվեն

PanARMENIAN.Net - Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս նախարար Արմեն Աշոտյանի, և Ֆրանսիայի արտաքին գործերի և Եվրոպայի հարցերով նախարարությունը՝ ի դեմս Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյի, այսօր ստորագրել են համաձայնագիր, որի նպատակն է սերտ համագործակցության միջոցով խթանել ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը սովորողների շրջանում, ապահովել ֆրանսերենի դասավանդման որակյալ մակարդակը և ձևավորել ժամանակակից պահանջները բավարարող ուսումնամեթոդական բազա։

«Մենք արդեն իսկ մեծ փորձ ունենք մեր դպրոցներում ֆրանսերենի դասավանդման, և այս համաձայնագիրը հնարավորություն կտա առավել ամրապնդել մեր համագործակցությունը։ Ֆրանսերենի ուսուցումը կիրականացվի ոչ միայն մայրաքաղաքի, այլեւ մարզերի դպրոցներում՝ Շիրակից մինչև Սյունիք»,- նշել է Ա. Աշոտյանը։

Դեսպան Ա. Ռեռնոն հուշագրի ստորագրումը բնութագրել է որպես համագործակցության համար նոր հեռանկարների հնարավորություն, որն ունի խոստումնալից ապագա։

Համաձայնագրի համար հիմք է հանդիսացել Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության մասին դեռևս 1995թ. նոյեմբերի 4-ի համաձայնագիրը` խթանելու մշակութային համագործակցությունը, խորացնելու և ամրապնդելու գոյություն ունեցող սերտ կապերը, մասնավորապես, երկու երկրների կրթական համակարգերի միջև կապերի հաստատմանն ուղղված ծրագրերը, օժանդակելու Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի խորացված դասընթացներ և ֆրանսերենով լրացուցիչ կրթական ծրագրեր կազմակերպելուն։

Ըստ համաձայնագրի, ֆրանսիական կողմը պարտավոր է օժանդակել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասարաններում ուսումնական ծրագրերին համապատասխանող ուսումնական նյութերի բազայի ձևավորմանը, աջակցել Կրթության ազգային ինստիտուտին՝ ֆրանսերենի խորացված ուսուցման դասընթացների ուսումնական ծրագրերի և ֆրանսերենի լրացուցիչ կրթական ծրագրերի մշակման աշխատանքներում, ինչպես նաև օժանդակել ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դասընթացներ դասավանդողների վերապատրաստման կազմակերպմանը Հայաստանում, Ֆրանսիայում կամ որևէ ֆրանսախոս երկրում։ Հայկական կողմն իր հերթին պարավորվում է ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրեր ստեղծել հանրակրթական դպրոցների 5-ից 12-րդ դասարաններում, մշակել և հաստատել ֆրանսերենով լրացուցիչ կրթական ծրագրեր, անհրաժեշտ տարածքներ տրամադրել դասավանդողների վերապատրաստումների, աշխատանքային հանդիպումների և սեմինար պարապմունքների համար, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Կողմերը պարտավորվում են նաեւ լրացուցիչ միջոցներ որոնել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակում ֆրանսերերով ուսումնական ծրագրերի աշխատանքների կազմակերպման համար։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---