Սբ.Աստվածածին եկեղեցու տարածքում հայտնաբերված կարասները տեղափոխվել են թանգարան

Սբ.Աստվածածին եկեղեցու տարածքում հայտնաբերված կարասները տեղափոխվել են թանգարան

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում` սբ.Աստվածածին եկեղեցուն հարող տարածքում սկսված սբ.Աննայի հոգևոր համալիրի շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերված 16-17 դարի կավե երեք կարասների բեկորները տեղափոխվել են Երևան քաղաքի պատմության թանգարան: Կարասները հայտնաբերվել էին ապրիլի 7-ին, սակայն թանգարան են տարվել միայն ապրիլի 21-ին: Մինչ այդ, դրանք գտնվել են ստվարաթղթե արկղերի մեջ` բացօթյա տարածքում`անձրևի և արևի տակ:

Կարասները եղել են 17 դարի շինության տակ, և, հնագետների հավաստմամբ, դեռ այն ժամանակ կարասների վրա լցվել է կավային լուծույթ, որը բետոնի դեր է կատարել և որը վնասել է կարասները: Կարասների բարձրությունը կազմում է 105 սմ, ամենալայն հատվածը` 60 սմ: Ինչպես նշեց աշխատանքների ընթացքին հետևող, Հայաստանի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն, հնագետ Գագիկ Սարգսյանը, կարասները բավական ցածրորակ կավից են պատրաստված և հայտնաբերերելուց արդեն ճաքած են եղել:

Այս ամենից բացի, ապրիլի 1-ին շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է պատի մեջ ներկառուցված XVII դ. խաչքար, ինչպես նաև XVIIդ. պատնեշի բեկոր: Հայտնաբերվել է նաև 17-րդ դարի բազիլիկի պատի մի դրվագ, որը պայթեցվել է 1936 թվականին ստալինյան բռնադատումների ժամանակ: Սակայն, Գագիկ Սարգսյանի խոսքերով, չնայած հնագիտական գտածոներին, շինարարական աշխատանքները չեն դադարեցվելու, քանի որ առայժմ իսկական արժեք ներկայացնող որևէ արտեֆակտ չի հայտնաբերվել:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---