Կարապետ Ռուբինյանը մտադիր չէ նոր կուսակցություն ստեղծել, սակայն նա կարող է անդամակցել որևէ կուսակցության

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) նախկին անդամ, «Առցանց ազատականների դաշինք» նախաձեռնության համակարգող Կարապետ Ռուբինյանը մտադիր չէ նոր կուսակցություն ստեղծել, սակայն նա կարող է անդամակցել որևէ այլ կուսակցության: Այդ մասին նա հայտարարել է Երևանում կայացած մամլո ասուլիսում: Ըստ նրա, նա կանոնավոր հանդիպումներ է ունենում այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, մասնավորապես, «Ժառանգության» և ՀՅԴ անդամների հետ՝ քննարկելով առկա խնդիրները, ինչպես նաև բանավեճի է բռնվում ՀԱԿ-ի իր ընկերների հետ, որոնք քննադատում են իրեն ՀԱԿ-ից դուրս գալու համար: Ռուբինյանը նշել է, որ նա միշտ մեկ կուսակցության է անդամակցել (ՀՀՇ-ին), սակայն, ցավոք, ստիպված է եղել դուրս գալ այնտեղից: Նա հավելել է նաև, որ այժմ նկատվում է կուսակցությունների դերի թուլացում և տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների ու ֆորումների հզորացում:

«Հազիվ թե առաջիկայում որևէ նոր քաղաքական ուժ հայտնվի, որը կկարողանա զբաղեցնել քաղաքական դաշտում ՀԱԿ-ի արմատական հատվածը»,-ասել է Ռուբինյանը: Նրա կարծիքով, տեսանելի ապագայում դա չի հաջողվի անել, մասնավորապես ժողովրդի մեծ մասի հիասթափության պատճառով և արաբական աշխարհում հեղափոխությունների ալիքի մարման հետ: Նա հավելել է, որ միակ գործոնը, որը կարող է օգնել արմատական ուժերին, սոցիալական իրավիճակի վատթարացումն է երկրում:

 Ուշագրավ
---