Աղվան Հովսեփյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են 2008-ի մարտի դեպքերի հետաքննության ընթացքը

Աղվան Հովսեփյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են 2008-ի մարտի դեպքերի հետաքննության ընթացքը

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011 թվականի հունիսի 13-ին ընդունեց ԱՄՆ –ի ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանը եւ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ Վ. Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում պարոն Թոմաս Մելիայը, շնորհակալություն հայտնելով հանդիպման համար, խնդրեց տեղեկացնել 2008 թվականի մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների եւ սպանությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքի` մասնավորապես 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

ՀՀ գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանը հանգամանորեն ներկայացրեց նախաքննական մարմնի կատարած աշխատանքները` քննչական գործողությունները, փորձաքննությունների արդյունքները, եզրակացությունները, ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը ուղարկված հանձնարարականները, միջնորդագրերը` օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, միջազգային բազում կազմակերպությունների` այդ թվում նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թ. Համմարբերգին փորձագիտական և մասնագիտական աջակցության համար ուղղված դիմումները, նամակները:

Աղվան Հովսեփյանը շեշտեց, որ այս պահին եւս պատրաստ են ընդունելու միջազգային փորձագետի, մասնագետի, ով կարող է օգնել, օժանդակել նախաքննական մարմին: «Քրեական գործով կազմվել է ավելի քան 300 հատոր, ուսումնասիրվել են բազում տեսաձայնագրություններ, վերարտադրվել է զանգվածային անկարգությունների ընդգրկման գրեթե ողջ տարածքը,- նշեց Ա. Հովսեփյանը,- հստակեցվել են մահացած անձանց դեպքերի վայրերը, փորձաքննության են ուղարկվել բոլոր այն հատուկ միջոցները, զենքերը, որոնք այդ օրը եղել են իրավապահ մարմինների աշխատակիցների, զինծառայողների մոտ, առգրավվել են զորամասերի մատյանները, որտեղ գրանցվել է, թե ովքեր են զենք ստացել, ով քանի փամփուշտ է ստացել, ով քանիսն է վերադարձրել»:

Ա. Հովսեփյանը նշեց նաեւ, որ նկատի ունենանալով հանրության հետաքրքրվածությունը մարտի 1-ի դեպքերի քննության ընթացքի վերաբերյալ, ինչպես նաեւ` հանրության հետ ակտիվ շփումներ ձևավորելու արդյունքում նոր հանգամանքների, նոր ապացույցների, նոր վկաների ի հայտ գալու նկատառումով, հանձնարարվել է քննչական խմբի ղեկավարին եւ դատավարական ղեկավարում իրակականացնող դատախազին ամիսը 2 անգամ հանդիպել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, կազմակերպել «Բաց դռների» օր:

Պարոն Թ. Մելիայը հետաքրքրվեց նաեւ, թե մահվան դեպքերի բացահայտման ուղղությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականից հետո ինչ արդյունքներ կան, նախաքննական մարմնին հաջողվել է արդյոք անհատականացնել մեղավոր անձանց շրջանակը:

Քննչական խմբի ղեկավար Վ Հարությունյանը պարոն Թոմաս Մելիային տեդեկացրեց, որ քննչական գործողությունները երբևէ չեն կասեցվել, նախաքննական մարմինը մշտապես աշխատանքներ է տարել կատարված հանցագործությունների բոլոր դեպքերի, դրվագների և հատկապես մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ:

«ՀՀ Նախագահի հանձնարարականից հետո,- նշեց Վ. Հարությունյանը,- լրացուցիչ համալրվել է քննչական խումբը, կատարվել են մի շարք քննչական գործողություններ, հարցաքննվել են ավելի քան 70 վկաներ, տրվել են մեկ տասնյակից ավել օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարելու հանձնարարականներ, մեկ անգամ եւս վերանայվել են հնարավոր բոլոր վարկածները, ապացուցողական բազան, ակնկալվում է հարցաքննել մոտ 500 անձի, ովքեր եղել են դեպքի վայրում»:

ՀՀ գլխավոր դատախազը նշեց, որ կատարված աշխատանքով հանդերձ դեռ չի հաջողվել ամբողջությամբ բացահայտել 10 անձանց մահվան հանգամանքները: «Այդ առումով օբյեկտիվ են հասարակական, քաղաքական շրջանակների, տուժողների իրավահաջորդների կողմից հնչող հարցադրումները,- նշեց Ա. Հովսեփյանը,- սակայն օբյեկտիվ են նաեւ այն խոչընդոտները, այն հանգամանքները, որոնք դժվարություններ են ստեղծում նախաքննական մարմնին. իրադարձությունները տեղի են ունեցել գիշերով, բազմահազար անձանց մասնակցությամբ, մի քանի հազար քառակուսի մետր տարածք ընդգրկող բնակելի հատվածում: Նախաքննական մարմինը իր լիազորությունները, իր գործառույթները իրականացնում է քրեաիրավական հարթությունում, մեղավոր անձանց ի հայտ բերելու, նրանց պատասխանատվություն սահմանող մեղադրանքը անհատականացնելու համար անհրաժեշտ է բավարար ապացուցողական բազա, որպեսզի դատարանում հնարավոր լինի ապացուցել այն»:

Պարոն Թոմաս Մելիայը նշեց, որ իրոք կատարվել է հսկայական աշխատանք, շնորհակալություն հայտնեց Ա. Հովսեփյանին` մանրամասն իրազեկելու համար, շեշտելով, որ. «Զգացվում է, թե որքան քաջատեղյակ եք գործի քննությանը, ինչը խոսում է կատարված մեծ աշխատանքի մասին»:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազը պարոն Թոմաս Մելիային ներկայացրեց նաեւ ՀՀ դատախազության կատարած աշխատանքները ընտությունների ընթացքում թույլ տրվող օրինախախտումների դեպքում, մասնավորապես նշվեց, որ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվում է ընտրախախտումների դեպքերի քննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազների մասնագիտացված խումբ, վարվում է դեպքերի հաշվառման առանձին մատյան` հատուկ կնիքով, ստուգման առարկա են դարձվում մամուլում հրապարակվող բոլոր դեպքերը, եւ քննության արդյունքները ամբողջությամբ իրազեկվում է հանրությանը:

Հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև թրաֆիկինգի դեմ պայքարում ՀՀ իշխանությունների կատարած աշխատանքին, արձանագրված արդյունքներին: Ա. Հովսեփյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը միացել է թրաֆիկինգի դեմ պայքարի միջազգային բոլոր կոնվենցիաներին, գործում է միջգերատեսչական կառավարական հանձնաժողով, իրավապահ մարմինների կողմից տարվում է ակտիվ եւ հետեւողական պայքար:

ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն հայտնեց` կատարված աշխատանքը գնահատելու համար, որի արդյունքում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցներում Հայաստանը դուրս է եկել հատուկ վերահսկվող երկրների ցանկից: Պարոն Թոմաս Մելիայը նշեց, որ Հայաստանը իրոք լուրջ քայլեր է կատարել եւ կատարում թրաֆիկինգի դեմ պայքարում, որի արդյունքում էլ դուրս է եկել հատուկ վերահսկողության երկրների ցանկից:

Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին` բովանդակալից քննարկման համար, հաղորդում է դատախազության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
---