ԵԱՀԿ ղեկավարը ողջունում է ղարաբաղյան գործընթացում ըմբռնման հասնելուն ուղղված ջանքերը

ԵԱՀԿ ղեկավարը ողջունում է ղարաբաղյան գործընթացում ըմբռնման հասնելուն ուղղված ջանքերը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը հանդես է եկել հայտարարությամբ` կապված հունիսի 24-ին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ: Ինչպես հաղորդում է ԵԱՀԿ մամլո ծառայությունը, իր հայտարարությունում Աժուբալիսը, մասնավորապես, նշել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը շարունակելու կարևորության մասին:

«Ես ողջունում եմ մի շարք հարցերի շուրջ ընդհանուր ըմբռնման հանգելու ջանքերը, որոնց լուծումը նպաստելու է հիմնարար սկզբունքները հաստատելու համար պայմանների ստեղծմանը»,- ասել է Աժուբալիսը: Նա նշել է, որ ԵԱՀԿ պատրաստ է աջակցել եռակողմ մակարդակում և Մինսկի խմբի հովանու ներքո ձեռնարկվող ջանքերին` Հարավային Կովկասում անկայունությանը վերջ դնելու համար: Աժուբալիսը նշել է նաև հրադարի ռեժիմի ամրապնդման անհրաժեշտությունը:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին:

«Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնորդներին, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են, «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հանդեպ նրանց մշտական ուշադրության համար»: Նրանք բարձր են գնահատել ՌԴ նախագահի անձնական ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերմանն աջակցելու գործում, ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ, Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---