EuFoA-ն կոչ է անում Եվրոպային միջոցներ ձեռնարկել Ղարաբաղում դրության սրացումը կանխելու համար

EuFoA-ն կոչ է անում Եվրոպային միջոցներ ձեռնարկել Ղարաբաղում դրության սրացումը կանխելու համար

PanARMENIAN.Net - Մինչ Կազանի հանդիպումն ակնհայտ էր, որ Ադրբեջանը համաձայն չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած հիմնարար սկզբունքների փաթեթին: Այդ մասին հայտարարել է «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (EuFoA) կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը:

«Կազանից և Բաքվում երեկ կայացած ռազմական շքերթից հետո աշխարհը պետք է խոստովանի, որ հակամարտության միայն մեկ կողմն է ամեն անգամ արգելակում խնդրի կարգավորման յուրաքանչյուր քայլը, իսկ հետո օգտագործում է դա պատերազմի վերսկսումն արդարացնելու համար»,-ասել է Մայքլ Քեմբեքը:

EuFoA-ում գտնում են, որ Եվրոպան պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկի պատերազմը կանխելու և խաղաղություն հաստատելու համար և իրերն իրենց անուններով կոչի, հակառակ դեպքում հակամարտության սրացումն անխուսափելի կլինի:

«Եվրոպան պետք է հասկանա, որ սպառազինությունների մրցավազքը փոխում է Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Եթե նախկինում կողմերն օգտագործում էին ԽՍՀՄ-ից մնացած սպառազինությունը, ապա նոր պատերազմն ավելի ծավալուն կլինի, քան 1991թ. պատերազմը և 2008թ. ռուս-վրացական պատերազմը և ավելի մեծ զոհերի պատճառ կդառնա: Եվրոպան պետք է հասկանա, որ նոր պատերազմը կնվազեցնի եվրոպական ներդրումներն Ադրբեջանի նավթի և գազի արդյունաբերության ոլորտում, ինչը կհանգեցնի նավթի համաշխարհային գների աճին»:

ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, կողմերն առաջընթաց են արձանագրել այդ նպատակին հասնելու ճանապարհին: «Պետությունների ղեկավարներն արձանագրել են փոխըմբռնման ձեռքբերումն այն հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է հիմնարար սկզբունքներին համաձայնելու համար պայմանների ստեղծմանը»,- ասվում է նախագահների հայտարարության մեջ: Փաստաթղթում ասվում է, որ հանդիպման մասնակիցները դիտարկել են հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով իրականացվող աշխատանքների ընթացքը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---