IFC կշարունակի աջակցել Հայաստանին ներդրումային միջավայրի բարելավման նպատակով

IFC կշարունակի աջակցել Հայաստանին ներդրումային միջավայրի բարելավման նպատակով

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) աջակցում է Հայաստանի կառավարությանը բարելավել ձեռնարկությունների տեսչական բարեփոխումների գործընթացը` խթանելով թափանցիկությունը և արդյունավետությունը:

Ինչպես նշում է IFC մամլո ծառայությունը, հունիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովը հաստատել է տեսչական ստուգումների վերաբերյալ օրենքի փոփոխությունները, որոնք ներառում էին IFC-ի կողմից արված առաջարկությունները: Նոր օրենքի շրջանակներում, ձեռնարկությունները բաժանվում են երեք ռիսկային խմբերի` բարձր, միջին և ցածր: Արդյունքում` ցածր ռիսկային խմբում գտնվող ձեռնարկությունների համար զգալիորեն կնվազի տեսչական ստուգումների թիվը, ինչը կնպաստի ժամանակի և ռեսուրսների խնայողությանը: «Այս բարեփոխումները կարևոր քայլ են ձեռնարկությունների համար վարչարարական բեռը նվազեցնելու գործընթացում», - ասաց IFC-ի «Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների և կանոնակարգման դաշտի պարզեցման ծրագրի» ղեկավար Արսեն Նազարյանը: Նա ավելացրեց, որ IFC-ը կշարունակի սերտորեն համագործակցել էկոնոմիկայի նախարարության, Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի, ինչպես նաև այլ գործընկերների հետ` Հայաստանում ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով:

IFC-ի «Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումների և կանոնակարգման դաշտի պարզեցման ծրագիրն» իրականացվում է Ավստրիայի ֆինանսների նախարարության, Նիդեռլանդների արտաքին կապերի նախարարության, Լյուքսեմբուրգի ֆինանսների նախարարության, ինչպես նաև Կատալոնիայի առևտրային խթանման կոնսորցիումի հետ: Ծրագիրը IFC-ի տարածաշրջանային ռազմավարության մասն է, որի նպատակն է աջակցել Եվրոպական և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարություններին իրականացնել փոքր և միջին բիզնեսի կայունացմանը նպաստող բարեփոխումներ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---