Հայաստանի նախագահը շնորհավորել է Նարեկ Հախնազարյանին Չայկովսկու անվան մրցույթում հաղթանակ տանելու առթիվ

Հայաստանի նախագահը շնորհավորել է Նարեկ Հախնազարյանին Չայկովսկու անվան մրցույթում հաղթանակ տանելու առթիվ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նարեկ Հախնազարյանին՝ Պ. Չայկովսկու անվան 14-րդ միջազգային հեղինակավոր մրցույթի «Թավջութակ» անվանակարգում 1-ին մրցանակի արժանանալու առթիվ և վստահություն հայտնել, որ այդ բարձր գնահատականը ստեղծագործական նոր լիցքեր ու ոգևորություն կհաղորդի նրան՝ մասնագիտական նորանոր նվաճումների հասնելու համար, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

Հունիսի 30-ին թավջութակահարների շարքում ոսկե մեդալ և առաջին մրցանակ է ստացել Նարեկ Հախնազարյանը (Հայաստան), երկրորդ մրցանակի արժանացել է Էդգար Մորոն (Ֆրանսիա), երրորդ մրցանակի` Իվան Կարիզնան (Բելառուս): Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հունիսի 25-ին անցել էր Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի եզրափակիչ` երրորդ փուլ: Բացի դրանից նրա` երկրորդ փուլում պարտադիր ծրագրային Յ. Հայդնի № 1 թավջութակի և նվագախմբի համար կոնցերտի կատարումը ժյուրին ճանաչել է լավագույնը:

Այս տարվա մրցույթի գլխավոր սկանդալը կապված էր Հախնազարյանի հետ, քանզիՌուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարկ Գորենշտեյնը վիրավորել էր նրան փորձի ժամանակ: Արդյունքում վերջինս հեռացվել էր մրցույթից, չնայած ներողություն էր խնդրել հայ երաժշտից:

Այս տարի մրցույթին մասնակցում էին 122 երաժիշտներ 29 երկրից: Ընդհանուր թվով ներկայացված է եղել 583 հայտ 50 երկրից: Մրցույթը անցկացվում է «Դաշնամուր», «Ջութակ», «Թավջութակ» և «Մեներգ» անվանակարգերում:

Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ.-ն Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---