Ադրբեջանը Արցախ այցելած պատգամավորներից բողոքել է Ֆրանսիայի ԱԳՆ

PanARMENIAN.Net - Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանությունը «բողոքի նոտա» է փոխանցել այդ երկրի ԱԳՆ` կապված ֆրանսիական պատգամավորների Արցախ կատարած այցի հետ: Այդ մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության առաջին քարտուղար Էլման Աբդուլլաևը: Նրա խոսքով, ադրբեջանական կողմը Ֆրանսիայի ԱԳՆ է դիմել, որպեսզի այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը Ֆրանսիայի Ազգային ժողով դիմի այս այցի առնչությամբ «բացատրություններ ստանալու» համար:

Նախօրեին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, Ժողովրդական շարժման միության անդամներ Գի Տեսիեն, Ժակ Ռեմիլեն, Ժորժ Կոլոմբիեն և Վալերի Բուայեն այցելել են ԼՂՀ, որտեղ հանդիպել են երկրի նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հանդիպմանը պատգամավորները նախագահի հետ քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների հետ կապված հարցեր: «Այցելելով Հայաստան` մենք ցուցադրում ենք այդ երկրի հետ մեր բարեկամությունը, իսկ այցելելով Լեռնային Ղարաբաղ` մենք ցուցադրում ենք մեր համերաշխությունն այդ երկրի հետ»,- հայտնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ազգային պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Գի Տեսիեն: Ֆրանսիական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար, Վյենի քաղաքապետ Ժակ Ռեմիլեն իր հերթին ասել է, որ ինքն անձամբ Լեռնային Ղարաբաղ է ժամանել, «որպեսզի հայտնի, որ Ղարաբաղի ժողովուրդն իր անկախությունը հռչակելու և միջազգային հանրության կողմից ճանաչվելու իրավունք ունի»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---