ՆԱՏՕ-ն հայտարարում է Լիբիայում ռազմական առաքելության մոտալուտ ավարտի մասին

ՆԱՏՕ-ն հայտարարում է Լիբիայում ռազմական առաքելության մոտալուտ ավարտի մասին

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի ռազմական առաքելությունը Լիբիայում գրեթե լիովին ավարտված է, և Ալյանսը կարող է արդեն հաջորդ շաբաթ՝ Բրյուսելում առաջնորդների հանդիպումից հետո, ձեռնամուխ լինել գործողության ամփոփմանը: Այդ մասին հայտնել է Աֆրիկայում ԱՄՆ ԶՈՒ միավորված հրամանատարության ղեկավար, գեներալ Քարտեր Հեմը, հաղորդում է Associated Press-ը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ ՆԱՏՕ-ի գործողությունը Լիբիայում կտևի մինչև դեկտեմբերի վերջ: «Մենք չենք ուզում մեկ գիշերվա ընթացքում ամեն ինչ զրոյի հավասարեցնել այն մակարդակից, որում գտնվում ենք այժմ: Որոշ ժամանակ մեր ուժերն այնտեղ կմնան, բայց միայն անցումային կառավարությանն աջակցություն ցուցաբերելու համար այնպիսի հարցերում, ինչպիսին է սահմանների հսկողությունը, այնքան ժամանակ, մինչև որ նրանք ի վիճակի լինեն ինքնուրույն զբաղվել այդ հարցերով»,- ասել է Հեմը: Գեներալի խոսքով, Լիբիայում կմնան, մասնավորապես, ԱՄՆ անօդաչու ինքնաթիռները, սակայն օդային հարձակումները կդադարեն: Ինքնաթիռները հարկավոր են զինանոցը վերահսկելու համար, որպեսզի Լիբիայի հարևան երկրներ զենքի դուրսբերում թույլ չտան:

Ամերիկյան հրամանատարները պետք է ՆԱՏՕ-ի հանդիպմանը գնահատական տան իրադրությանը Լիբիայում, որից հետո կարող է զորքերի դուրսբերման մասին որոշում ընդունվել, չնայած նրան, որ գնդապետ Մուամմար Քադդաֆին մինչ օրս ազատության մեջ է, իսկ նրա կողմնակիցները շարունակում են պայքարը: «Դա լիբիացիների գործն է և ոչ այլ մեկի»,- հայտնել է Հեմը:

Հեմի խոսքով, ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման համար Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ուժերը պետք է պահպանեն երկրի հիմնական կենտրոնները, և այդ նպատակը գրեթե իրականացված է: Մարտերը շարունակվում են միայն մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Սիրտում և Բանի-Վալիդում:

Այժմ ԱՄՆ-ը գլխավոր դերը չի տանում Լիբիայի անվտանգության ապահովման գործում, ասել է Հեմը: Նրա խոսքով, արաբական պետությունները կարող են ավելի լավ գլուխ հանել այդ խնդրից, քանի որ ավելի լավ են հասկանում, թե ինչ օգնություն է հարկավոր նոր լիբիական իշխանություններին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---