Սեյրան Օհանյանը պաշտոնից ազատել է մի շարք բարձրաստիճան սպաների

Սեյրան Օհանյանը պաշտոնից ազատել է մի շարք բարձրաստիճան սպաների

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 7-ին հրաման է ստորագրել, որով «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքի ժամանակ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի համար պատասխանատու զինվորականները ենթարկվել են տույժերի: Մի շարք բարձրաստիճան սպաներ, այդ թվում` զորամասի հրամանատարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` երեք գեներալներ ստացել են նկատողություն: Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը պաշտպանության նախարարությունում նոր երևույթ չէ: 2008 թվականից մինչ օրս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով տասնյակ բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` զորամասի հրամանատարներ ու գեներալներ ստացել են տարբեր տույժեր` զբաղեցրած պաշտոններից ազատում, նախազգուշացում, նկատողություն: Կարգապահական տույժերի կիրառումը աշխատանքային առօրյայի մաս է կազմում, և եթե նախկինում ամեն առիթով այդ մասին մամլո հաղորդագրություններ չեն տարածվել, դա չի նշանակում, թե բարձրաստիճան զինվորականները մինչև հիմա չեն ենթարկվել կարգապահական տույժերի, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

Հոկտեմբերի 3-ին «Բաղրամյան»-ում ճամբարային հավաքների մեջ գտնվող ՊՆ N զորամասին պատկանող «Սադկո» մակնիշի N զինհամարանիշի ավտոմեքենան զորավարժանքի տարածքում երթևեկելիս հարվածել է ձախ ճամփեզրի հողաթմբին և կորցնելով կառավարումը` դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից։ Դրա հետևանքով 6 զինծառայող վիրավորվել էր, որոնցից մեկը ավելի ուշ մահացել էր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---