Ով չհամագործակցի ՀՀԿ հետ, «կոտրած տաշտակի» առաջ կհայտնվի, զգուշացնում է Տիգրան Սարգսյանը![]() 26 հոկտեմբերի 2011 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնաբանել է Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի» միջև հակամարտության մասին լուրերը: «Ով համագործակցի մեզ հետ, նա կշահի, ով` ոչ, «կոտրած տաշտակի» առաջ կհայտնվի»,- հայտնել է նա լրագրողներին Ազգային Ժողովում: Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ Հանրապետական կուսակցությունն այժմ այն կուսակցությունն է, որի շուրջ միավորվել են մյուս կոալիցիոն գործընկերները, քաղաքական դաշտի առանցքն է, և այդ դիրքորոշումը ՀՀԿ-ն ոչ միայն կպահպանի, այլև կզարգացնի: Նա նշել է, որ փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագիրն ամրագրեց այդ սկզբունքը, որ կոալիցիոն կուսակցություններն իրենց դիրքերն ամրապնդելու են ոչ իրենց գործընկերների հաշվին, և որ այդ կուսակցությունները միավորվում են նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ: «Բոլորի համար ակնհայտ է, որ ՀՀԿ-ն լինելու է այն առանցքը, որի շուրջ ձևավորվելու է քաղաքական դաշտը: Այն կուսակցությունները, որոնք համագործակցելու են մեզ հետ, կշահեն: Նրանք ովքեր չեն համագործակցելու, դա նրանց խնդիրն է: Բայց ուզում եմ զգուշացնել բոլորին, ովքեր լուրեր են տարածում ՀՀԿ մասին, նրանք չարաչար սխալվում են մեր հնարավորությունները գնահատելիս: ՀՀԿ-ն այսօր ամենահզոր քաղաքական ուժն է Հայաստանում, որը ոչ միայն կպահպանի, այլև կամրացնի իր դիրքերը»,- ընդգծել է վարչապետը: «Կարծում եմ` այդ ազդանշանները մենք պարտավոր ենք մեր կուսակցության անունից փոխանցել մեր գործընկերներին, մեր հասարակությանը»,- հավելել է նա` նշելով, որ ՀՀԿ-ն միշտ պատրաստ է համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ: «Մենք համագործակցության կամուրջներ ենք կառուցում բոլորի հետ»,- հիշեցրել է նա նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը: «Հրապարակ» թերթի համաձայն, ՀՀԿ գործադիր կոմիտեի նիստում քննարկվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ հետագա համագործակցության հարցը։ Որոշ հանրապետականներ անընդունելի են համարել այն, որ կոալիցիոն հուշագիրը ստորագրած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրաժարվում է հրապարակավ հայտարարել գալիք ընտրություններում Սերժ Սարգսյանին աջակցելու մասին և ասում է, որ ԲՀԿ-ն ինքնուրույն կգնա ընտրությունների։ ՀՀԿ գործադիր կոմիտեն որոշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը մեկ շաբաթ տալ, որպեսզի նա որոշում ընդունի և հայտարարի Սերժ Սարգսյանի թեկնածությանն աջակցելու մասին։ Նիստից հետո ՀՀԿ անդամները հրաժարվել են որևէ մանրամասներ հաղորդել, իսկ կուսակցության մամլո քարտուղար Էդուարդ Շարմազանովը միայն նշել է, որ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր, և քննարկումները շարունակվում են: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |