Սանջայ Սինգհ. Հնդկաստանում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին

Սանջայ Սինգհ. Հնդկաստանում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հնդկաստանի Արեւելքի հարցերով քարտուղար Սանջայ Սինգհին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց վերջին շրջանում հայ-հնդկական հարաբերություններում նկատվող ակնհայտ աշխուժացումը՝ ընդգծելով, որ դա երկու կողմից ցուցաբերվող հետեւողականության արդյունք է, եւ Հայաստանը շահագրգռված է հայ-հնդկական ավանդական ջերմ ու բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմամբ և խորացմամբ։

Սանջայ Սինգհն ընդգծեց, որ Հնդկաստանում առանձնահատուկ ջերմությամբ են վերաբերվում Հայաստանին ու հայ ժողովրդին եւ երկրի իշխանությունները նպատակադրված են ընդլայնել Հայաստանի հետ բարեկամական գործընկերությունն ու համագործակցությունը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին, որ անցյալ տարի ՀՀ ԱԳ նախարարի Հնդկաստան կատարած պաշտոնական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններն արդեն ի կատար են ածվում:

Էդվարդ Նալբանդյանն ու Սանջայ Սինգհը քննարկեցին հոկտեմբերի 31-ին կայացած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի եւ այսօր տեղի ունեցած երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունների արդյունքները:

Հանդիպմանը կողմերն անդրադարձան երկկողմ քաղաքական, տնտեսական, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային եւ առողջապահության բնագավառներում համագործակցության ընդլայնմանն ուղղված ծրագրերին եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին` մասնավորապես համապատասխան գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, գործարար շրջանակների միջեւ շփումների ակտիվացման ինչպես նաեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման միջոցով:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցերի շուրջ:

ՀՀ ԱԳՆ ղեկավարը ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ դրանց կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց Հնդկաստանի հավասարակշռված դիրքորոշումն արցախյան հիմնախնդրի վերաբերյալ:

 Ուշագրավ
---