Բակո Սահակյանը Քյոլնի գործարարների հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հարցը

Բակո Սահակյանը Քյոլնի գործարարների հետ քննարկել է Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հարցը

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Գերմանիայի Քյոլն քաղաք: Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել քաղաքի հայկական կազմակերպությունների ու գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Այնուհետև նախագահ Սահակյանն այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարան, որտեղ առանձնազրույց է ունեցել թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Պեքճեանի հետ, որից հետո հանդիպել Քյոլնի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նախագահը ներկայացրել է Արցախի ներքին կյանքը և արտաքին քաղաքականությունը, պետության առջև ծառացած հիմնախնդիրները և պատասխանել ներկաների հարցերին: Բակո Սահակյանը նշել է, որ գերմանահայությունն ունի մեծ ներուժ, ինչը ստեղծում է համագործակցության խոստումնալից հեռանկարներ: Այս տեսանկյունից նախագահը հատկապես ընդգծել է Քյոլնի հայկական համայնքի նշանակությունը, որը հանդիսանում է Գերմանիայի ամենամեծ ու կազմակերպված գաղութներից մեկը, և որի շուրջ էլ համախմբվում է գերմանահայ համայնքը:

Հանդիպումներին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---