ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է 2004 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովն երեկ ընդունել է հանրապետության 2004 թվականի պետբյուջեի մասին օրենքը: ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոսքերով` օրենքի նախագծի լրացուցիչ մշակումից հետո, հաջորդ տարվա բյուջեի եկամտային մասը կազմել է 274,1 մլրդ դրամ (շուրջ 490 մլն դոլար): Ծախսային մասը նույնպես ավելացել է` հասնելով 317 մլրդ դրամ (566 մլն դոլար): Բյուջեի պակասորդը, կազմելով 42,5 մլրդ դրամ (շուրջ76 մլն դոլար), հիմնականում կծածկվի վարկերի հաշվին: Հաջորդ տարի Հայաստանի իրական տնտեսական աճը կկազմի 7 տոկոս: Տարվա արդյունքներով ինֆլյացիայի մակարդակը նախատեսված է 3 տոկոս: Միեւնույն ժամանակ չեն ընդունվել պատգամավորների առաջարկները` սոցիալական կարիքների եւ տրանսպորտի ոլորտում ծախսերի ավելացման մասին, քանի որ կառավարությունը մտադիր է օգտագործել այդ ոլորտներում միջազգային հիմնադրամներից ստացվող վարկերը: Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը` Հայաստանի 2004 թվականի պետբյուջեն առաջին անգամ հիմնվում է աղքատության կրճատման վերաբերյալ կառավարության ռազմավարական ծրագրի վրա:
 Ուշագրավ
---