Հայկ Դեմոյանն իրատեսական չի համարում Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան

Հայկ Դեմոյանն իրատեսական չի համարում Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը իրատեսական չի համարում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել է Հայկ Դեմոյանը, նման սցենարն անհնար է, հաշվի առնելով Գուրգեն Մարգարյանի սպանության աննախադեպությունը: Ըստ Դեմոյանի, չնայած հունգարական դատարանը կաշառելու Ադրբեջանի փորձերին, երկիրը չփոխեց իր դիրքորոշումն այդ հարցում: «Եթե Հունգարիան դիտարկեր Սաֆարովի էքստրադիցիայի հնարավորությունը, ապա դա կաներ դատավճռի կայացումից անմիջապես հետո: Ադրբեջանն արդեն 5 տարի է նույն երգն է երգում՝ փորձելով ամեն կերպ կաշառել Հունգարիային, սակայն, չեմ կարծում, որ դա կստացվի»,-ասել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը՝ հավելելով, որ ռեսուրսների պակասի պատճառով Բաքուն փորձում է իր բոլոր խնդիրները փողով լուծել: Դեմոյանը նաև վստահ է, որ Հունգարիան որևէ բան չի ձեռնարկի առանց Երևանին տեղյակ պահելու կամ Հայաստանի դիրքորոշումն այդ հարցում քննելու:

2006թ. Հայկ Դեմյանը եղել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը Ռամիլ Սաֆարովի գործով դատավարությունում:

2004թ փետրվարի 19 Հայաստանի ԶՈւ զինծառայող, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը, ով ՆԱՏՕ-ի կազմակերպած «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անգլերենի դասընթացներ էր անցնում Բուդապեշտում, քնած ժամանակ գազանաբար կացնահարվել է ադրբեջանցի սպա, ավագ լեյտենանտ Ռամիլ Սաֆարովի կողմից: 2006 թ ապրիլի 13 հայ սպային սպանողը Բուդապեշտի քաղաքացիական դատարանի կողմից դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարիների ընթացքում ներման հնարավորության:

Հայ սպայի մարդասպանին Ադրբեջանում համարում են ազգային հերոս:

 Ուշագրավ
---