Բենիամին Մարգարյանի սպեկտրալ շրջահայութունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ռեգիստրում

Բենիամին Մարգարյանի սպեկտրալ շրջահայութունն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ռեգիստրում

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 19-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում հայտնի հայ աստղագետ Բենիամին Մարգարյանի Բյուրականի սպեկտրալ շրջահայության ընդգրկման կապակցությամբ հավաստագրի հանդիսավոր հանձնումը: Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանին հավաստագիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անունից հանձնեց ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը:

Հանձնելով հավաստագիրը, Հովակիմյանը նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ ծրագիրը կոչված է կանխելու արխիվների ու գրադարանների ոչնչացումը և այժմ ռեգիստրը ընդգրկում է 239 անուն աշխարհի 100 երկրներից: Նա նշել է, որ Մարգարյանի շրջահայությունը տեղ է զբաղեցրել ռեգիստրում Չինաստանի կայսրների և Ազգությունների լիգայի արխիվների, Կոպերնիկոսի, Բախի ու Բեթհովենի աշխատանքների կողքին:

Հայկ Հարությունյանն իր հերթին հավելեց, որ լրագրողների հետ հանդիպումները աստղադիտարանում արդեն բարի ավանդույթ են դարձել, ինչը «վկայում է այն մասին, որ Բյուրականը մի գիտական կենտրոն է, որն այնպիսի արդյունք է տալիս, որով Հայաստանը կարող է հպարտանալ»: Աստղադիտարանի տնօրենը նշել է, որ Մարգարյանի շրջահայությունը Հայաստանից երկրորդն է այդ ռեգիստրում Մատենադարանից հետո:

Հայկական աստղագիտական ընկերակցության ղեկավար Արեգ Միքայելյանը կարևորեց Մարգարյանի աշխատանքը և նշեց, որ այն Հայաստանում թվայնացված առաջին գիտական աշխատանքն է և առաջիններից մեկն աշխարհում: Նա նշեց նաև, որ Մարգարյանի սպեկտրալ շրջահայութունը հիմք հանդիսացավ հայկական վիրտուալ աստղադիտարանի համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---