Կիրո Մանոյանը գտնում է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից օրինագծի ընդունման հավանականությունը մեծ է

Կիրո Մանոյանը գտնում է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից օրինագծի ընդունման հավանականությունը մեծ է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ԱԺ կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը հանդիսանում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը տված այդ երկրի պատասխանը: Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Հայ դատի» երևանյան գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը : Ըստ նրա, կարևոր է այն, որ, չնայած Անկարայի ճնշումներին, Ֆրանսիայի ԱԺ-ն, այնուամենայնիվ, ընդունեց օրինագիծը: «Սակայն մեզ համար դեռևս ամենակարևորը մնում է Ֆրանսիայի Սենատի կողմից օրինագծի ընդունումը գալիք տարվա հունվարին»,-ընդգծել է նա: Ընդ որում, Մանոյանը նկատել է, որ Ֆրանսիայի Սենատի կողմից ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հավանականությունը մեծ է, «սակայն դա դեռ չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ լինենք»:

Մանոյանը նաև ընդգծել է, որ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից օրինագծի ընդունումը կնպաստի Եվրոպայի այլ երկրներում ևս համանման օրինագծերի ընդունմանը:

Նա չի համաձայնել որոշ փորձագետների այն կարծիքի հետ, որ տվյալ որոշումը կարելի է կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ: «Օրինագծի ընդունումը որևէ առնչություն չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ: Դա կարելի է կապել այլ հանգամանքների հետ, օրինակ` Ֆրանսիայում կայանալիք ընտրությունների»,-ընդգծել է Մանոյանը:

Դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովում ընդունվեց պատգամավոր Վալերի Բոյերի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրոյի չափով տուգանք: Դեկտեմբերի 7-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային Ժողովի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից:

 Ուշագրավ
---