Եղեռնի մասին պատմող «Տատիկիս խարանները» ֆիլմը մասնակցում է Ստամբուլի Filmmor կինոփառատոնին

Եղեռնի մասին պատմող «Տատիկիս խարանները» ֆիլմը մասնակցում է Ստամբուլի Filmmor կինոփառատոնին

PanARMENIAN.Net - Սյուզան Խարդալյանի «Տատիկիս խարանները» ֆիլմը ցուցադրվելու է Ստամբուլում, հայտնում է Ասպարեզը: Այն մասնակցելու է Ստամբուլի 10-րդ միջազգային Filmmor փառատոնին և ցուցադրվելու է այս հինգշաբթի և ուրբաթ օրերին AFM Fitaş Beyoğlu կինոթատրոնում:

«Իմ ֆիլմը կարող է ծառայել երկխոսության հարթակ ձևավորելու, դժվար հարցերը քննարկելու համար: Այն գործ է ունենալու մեր խորը արմատավորված տաբուների հետ, տաբուներ, որոնք մեզ հաշմանդամ են դարձնում, ինչպես հայերին, այնպես էլ թուրքերին», ասում է Խարդալյանը:

10-րդ միջազգային Filmmor փառատոնը բացվել է մարտի 10-ին և շարունակվելու է մինչև մարտի 18-ը:

Սկզբում Խարդալյանը մտադիր էր ֆիլմ նկարահանել Ռուանդայի ցեղասպանության զոհերի մասին, այդ երկրի կանանց մասին, այն մասին, թե ինչպես են նրանք կրում իրենց ուսերին ցեղասպանության ծանրությունը: Թեման ուսումնասիրելիս, նա ֆրանսիական արխիվներում փաստեր է հայտնաբերել, որոնք հիշեցրել են նրան իր տատիկի մարմնի խարանների մասին: 58 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է նրա տատիկի պատմությունը՝ կնոջ, որը բազում սպիներ ունի դեմքին ու ձեռքերին՝ մշտապես հիշեցնելով նրան Ցեղասպանության ժամանակ կրած բռնության մասին:

Սյուզան Խարդալյանն ազատ գրող է և կինոգործիչ: Մասնագիտությամբ լրագրող է, սովորել է Բեյրութի ու Փարիզի համալսարաններում: Նա ավելի քան 20 ֆիլմերի հեղինակ է, որոնք ցուցադրվել են ԱՄՆ-ում ու Եվրոպայում՝ «Ատում եմ շներին», «Երիտասարդ Ֆրոյդը Գազայից», «Վերադարձ դեպի Արարատ» ֆիլմերը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---