«Արմավիան» պարտավորվել է մինչև սեպտեմբեր մարել «Զվարթնոցին» իր 5 մլն 300 հազար դոլար պարտքը![]() PanARMENIAN.Net - «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ու «Արմավիա» ավիաընկերությունը համաձայնության են եկել և ստորագրել են համաձայնագիր: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն՝ նշելով, որ վերջին 4 օրերի ընթացքում իրենք հանդիպել են «Արմավիայի» ու ՀՀ վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խմբի հետ, փորձել են ստեղծված իրավիճակից փոխշահավետ ելք գտնել: «Վեջին օրերի ընթացքում մենք շատ մեկնաբանություններ ենք լսել այս իրադարձության վերաբերյալ, բայց գերադասել ենք ոչ մի մեկնաբանություն չանել մինչև համաձայնության գալը»,- ասաց նա: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Անդրանիկ Շխյանը նշեց, որ այսօր ստորագրված համաձայնագրով «Արմավիայի» բոլոր պահանջները կատարված են. «Մենք ակնկալում ենք, որ պարտքի սահմանված ժամանակացույցը կպահպանվի»: Օդանավակայանի իրավախորհրդատու Արմեն Տեր-Տաճատյանը նշեց, որ խոսքը 6 ամսվա պարտքի մասին է, որը կազմում է 5 մլն 300 հազար դոլար. «Մենք ակնկալում ենք, որ մինչև սեպտեմբեր այս պարտքը կմարվի: Մեր կողմից սահմանվել են հատուկ սակագներ, որը և պահանջում էր «Արմավիան»: Մեր ընկերության համար անընդունելի է այսքան մեծ պարտք ունենալը, և մեզ համար առաջնային էր այդ գումարները ստանալը»: Նա նաև նշեց, որ «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչներն իրենց խոստացել են մշակել ու ներկայացնել ընկերության նոր ռազմավարությունը, որը թույլ կտա հնարավորինս շուտ մարել պարտքը: Օդանավակայանի կողմից սահմանված նոր սակագները կգործեն առաջիկա մեկ տարվա ընթացքում: Պարտքի մարման առաջին վճարումը համաձայնագրով սահմանված է մարտի 31-ին: Մարտի 6-ին «Արմավիա» ավիաընկերությունը գործադուլ էր հայտարարել: Ընկերությունից հայտնում էին, որ գործադուլը պայմանավորված էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի նոր գնային քաղաքականությամբ, ըստ որի սպասարկման գները բարձրացել են: Գործադուլը հայտարարելուց մի քանի ժամ անց ընկերությունը վերսկսել էր աշխատանքը: Զուգահեռ ընթանում էին բանակցություններ ավիաընկերության, օդանավակայանի և Քաղաքացիական ավիացիայի վարչության միջև: «Արմավիա» ավիաընկերության ներկայացուցիչները նաև չէին բացառում ընկերությունը սնանկ հայտարարելու հավանականությունը, եթե «Զվարթնոցը» զիջումների չգնար: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |