ԱՄՆ-ի ոչ մի պետքարտուղար չէր համարձակվել քննադատել Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը

Վաշինգտոնում այնքան են ցանկանում ձերբազատվել Բուշի վարչակազմի «ծանր ժառանգությունից», որ հաճախ իրենց իսկ դեմ հայտարարություններ են անում

Հավանաբար, աշխարհում ոչ ոք պետքարտուղար Քլինթոնից նոր խոսք չէր ակնկալում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, քանի որ ցանկացած պետության արտաքին քաղաքականություն կառավարման ամենապահպանողական հատվածն է: Առավել եւս, ոչ ոք չէր ակնկալում նման արհամարհական, եթե չասենք ավելին, վերաբերմունք սեփական դեպարտամենտի աշխատանքին: Ամեն ինչ սկսվեց պետդեպարտամենտի Մարդու իրավունքների տարեկան զեկույցից: Այն, որ դեպարտամենտը միշտ քաղաքականապես կանխակալ է եղել, բոլորը գիտեն: Սակայն ԱՄՆ-ի ոչ մի պետքարտուղար չէր համարձակվել քննադատել Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը, ընդ որում, ոչ թե Վաշինգտոնում, այլ արտերկրյա ուղեւորության ժամանակ:

PanARMENIAN.Net - ԱՄՆ նոր պետքարտուղար Հիլարի Քլինթոնը արհամարհանքով է վերաբերվում պետդեպարտամենտի մարդու իրավունքների մասին զեկույցներին, գրում է The Washington Post-ը: «Որոշ ընկերներ» հոդվածի հեղինակի խոսքերով, Չինաստանում Քլինթոնը հայտարարեց, թե «մարդու իրավունքի խախտումները Չինաստանում չեն կարող խանգարել տնտեսության, անվտանգության եւ բնապահպանության հարցերի քննարկմանը չինական կողմի հետ»:

Նույն վերաբերմունքը պետդեպարտամենտի զեկույցի հանդեպ Հիլարի Քլինթոնն արտահայտեց նաեւ Եգիպտոս ու Թուրքիա այցերի ժամանակ, որոնք ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցներն են տարածաշրջանում: «Պետդեպարտամենտը հրապարակում է իր զեկույցները աշխարհի բոլոր երկրների վերաբերյալ, եւ ես հուսով եմ, որ դրանք կընկալվեն այնպես, ինչպես մենք ակնկալում ենք` այսինքն կառուցողական: Զեկույցը ոչ մի առնչություն չունի նախագահ Մուբարաքի այցին ԱՄՆ»,-ասել է պետքարտուղարը Al Jazzera հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ինչ վերաբերում է Թուրքիայում մարդու իրավունքների դրությանը, ապա, ըստ պետքարտուղարի, «քաղաքական գործիչն երբեք չի սիրում մամուլում իր հասցեին հնչող քննադատությունը»: «Սակայն մենք գտնում ենք, որ Թուրքիան հսկայական առաջընթացի է հասել խոսքի ազատության, դավանանքի եւ մարդու իրավունքների ոլորտներում, եւ մենք բոլորս հպարտանում ենք դրանով»,-ընդգծել է Քլինթոնն Անկարայում:

Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը Թուրքիայում ու Եգիպտոսում վատացել է անցյալ տարվա համեմատ: Նվազագույնի հասցնելով զեկույցում բերված փաստերը, Քլինթոնը վատ ծառայություն է մատուցում իր գերատեսչությանը եւ ուղերձ է հղում ողջ աշխարհի պետությունների ղեկավարներին` ձեր չարաշահումները լրջորեն չեն ընկալվի ԱՄՆ-ի վարչակազմի կողմից»,-ընդգծում է The Washington Post-ը:

Ընդհանուր առմամբ, Հ. Քլինթոնն իրավացի է` մարդու իրավունքների զեկույցը վաղուց արդեն անաչառ չէ, առավել եւս, որ զեկույցին իր մասնակցությունն է բերում նաեւ Human Rights Watch-ը` մի կազմակերպություն, որը մեղմ ասած, համարժեք չի ընկալում իրականությունը հատկապես հետխորհրդային տարածքում: Չհավակնելով այդ հարցում բացարձակ ճշմարտության` ստիպված ենք խոստովանել, որ իրավապահ կազմակերպությունները մեծ մասամբ զբաղվում են ոչ թե մարդու իրավունքների խախտումներով, այլ պետության հասցեին հնչող մեղադրանքներով, որոնք, իրենց կարծիքով, «ժողովրդավար չեն»: Նման օրինակները քիչ չեն` Հարավային Կովկասի երկրները, Ռուսաստանը, Չինաստանը: Չգիտես ինչու այդ զեկույցներում գրեթե երբեք չեն լինում ԵՄ անդամ երկրներն ու ԱՄՆ-ն: Սակայն այս բոլոր հարցերը հռետորական են, չեն վերաբերվում գործի էությանը: Իսկ էությունը նրանում է, որ Վաշինգտոնում այնքան են ցանկանում ձերբազատվել Բուշի վարչակազմի «ծանր ժառանգությունից», որ հաճախ իրենց իսկ դեմ հայտարարություններ են անում:

Ի դեպ, Բարաք Օբաման եւս որոշեց իր ներդրումն ունենալ արտաքին քաղաքականության գերակայությունների փոփոխման մեջ` 30 տարում առաջին անգամ ԱՄՆ նախագահը շնորհավորեց Իրանի ժողովրդին Նովռուզի կապակցությամբ: Փաստն, ինքնին, անշուշտ, հարգանքի է արժանի, սակայն Օբաման ստիպված կլինի պարզաբանել բարի կամքի այս ժեստը ամերիկացիներին, որոնց պատանդ վերցրեցին եւ որոնք դժոխքի միջով անցան 1979թ. Թեհրանում եւ վերապրեցին...

Սակայն քաղաքականության մեջ բարոյականությունից հեռու կատեգորիաներ են շրջանառվում: Օգուտ տալիս է նման քաղաքականությունը երկրին թե ոչ` դժվար է ասել: Ամեն դեպքում, մինչ այժմ ԱՄՆ-ն հայտնի էր իր պրագմատիզմով եւ սեփական շահերի պաշտպանությամբ, բնականաբար, աշխարհին ներկայացնելով դա «ժողովրդավարական» փաթեթավորմամբ:

Եվ վերջինը. Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության նախագահ Մեհմեդ Թալաաթը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հրավերով կայցելի Վաշինգտոն: Ըստ ԱՄՆ-ում կիպրոսցիների կազմակերպության (CANA), Թալաաթի հրավերը կարող է սխալ ընկալվել որպես Կիպրոսի զավթման եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետության գոյության ճանաչում: Ըստ ամերիկացի դիվանագետի, ազգությամբ հույն Գրեգորի Մարկիսի, Կիպրոսի թուրքերի «մեկուսացումը» Թուրքիայի կողմից կղզու հյուսիսային մասի օկուպացիայի արդյունքն է: Դժվար թե ԱՄՆ պետքարտուղարը իրազեկ չէ Կիպրոսի խնդրին: Համարձակություն վերցնենք ենթադրելու, որ բոլոր ռեվերանսները Թուրքիայի հասցեին կարող են նախապատրաստություն լինել ապրիլի 24-ին, երբ Բարաք Օբաման կարտաբերի «ցեղասպանություն» բառը: Սակայն կամա թե ակամա հիշում ես Հարութ Սասունյանի խոսքերը.«Հայերը չպետք է ամեն նորընտիր Կոնգրեսից պահանջեն ճանաչել այն, ինչ երկու անգամ արդեն ճանաչվել է: Կոնգրեսն արդեն երկու անգամ բանաձեւեր է ընդունել Հայոց ցեղասպանության մասին` 1975 եւ 1984թթ.: Հայ ժողովուրդը չպետք է մշտապես խնդրի ԱՄՆ նախագահներին ճանաչել Ցեղասպանությունը»: Իսկ Թուրքիային այստեղ գրգռում է ոչ թե հերթական բանաձեւը Հայոց ցեղասպանության մասին, այլ այն, որ դա մշտապես կրկնվում է արդեն 30 տարի շարունակ...

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում

Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---