«Հաճոյախոսությունների» փոխանակումն Իրանի ու Իսրայելի միջեւ շարունակվում է

Թե ինչով կավարտվի իրանա-իսրայելյան դիմակայությունն, առայժմ դժվար է ասել, սակայն մեկ բան հստակ է` ոչ ոք չի ցանկանում, որ նոր պատերազմ լինի տարածաշրջանում, որն առանց այն էլ գտնվում է մի քանի լոկալ պատերազմների եզրին:

Իսրայելի հայտարարություններն Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու մտադրության մասին պարբերաբար կրկնվում են, ինչպես նաեւ Մահմուդ Ահմադինեժադի հայտարարությունները Թել Ավիվի «ռասիստական ռեժիմի» մասին: Ժամանակի առումով «հաճոյախոսությունների» վերջին փոխանակումն օրերս տեղի ունեցավ: Իրանի նախագահի կտրուկ ելույթը Ժնեւում ՄԱԿ-ի ռասիզմի խնդրին նվիրված խորհրդաժողովում, ըստ էության, Թեհրանի պատասխանն էր ԶԼՄ-ների վերջին տեղեկատվությանն Իսրայելի կողմից նախապատրաստվող Իրանի ռմբակոծության մասին:
PanARMENIAN.Net - Հակառասիստական խորհրդաժողովում ունեցած իր ելույթում Իրանի նախագահ Մ.Ահմադինեժադը մեղադրեց Իսրայելին ռասիստական քաղաքականություն վարելու եւ «Պաղեստինի տարածքում» խտրականության ռեժիմ հաստատելու համար` այդպիսով հաստատելով միջոցառման մասնակիցների վատագույն մտավախությունները: Նա ընդգծել է, որ Իսրայելն ամենադաժան ու ռասիստական ռեժիմն է արդի աշխարհում եւ ֆինանսական ճգնաժամի համար պատասխանատու է համարել ԱՄՆ-ին, Եվրոպային ու Իսրայելին: Այն բանից հետո, երբ Իրանի նախագահը ներկաներին հայտնեց, թե հրեաների տառապանքներն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լոկ «պատրվակ» էին Իսրայելի ստեղծման համար, մի շարք արեւմտյան երկրների պատվիրակություններ վրդովված լքեցին դահլիճը:

Ճիշտ է, այս ողջ ռազմատնեչ հռետորությունը նաեւ ներքին ենթատեքստ ունի: Իսրայելի նոր կառավարությունը ցանկանում է ցույց տալ իր ընտրողներին, թե Իրանի եւ ընդհանրպես իսլամական աշխարհի հետ կոշտ լեզվով է խոսելու` ներառյալ նույնիսկ ուժի կիրառումը: Սա առավել եւս այժմէական է Իսրայելի համար, որը համաշխարհային հանրության շրջանում ոչ առանց Թուրքիայի եւ մի շարք արաբական երկրների ջանքերի, «դժոխային ծնունդ է» դարձել «Ձուլածո արճիճ» գործողությունից հետո: Մյուս կողմից, Իսրայելը կարող է առաջացնել ԱՄՆ-ի «դժգոհությունը», որը նոր քաղաքականություն է սկսում Իրանի հետ:

Ամռանը Իրանում նախագահական ընտրություններ են, եւ Ահմադինեժադի պահվածքից է կախված երկրի ապագան: Դա ճիշտ է, որ նախագահին իրանցիներն են ընտրում, սակայն համաշխարհային հանրությունը, հավանաբար, մտադիր չէ հանդուրժել նախագահության նրա երկրորդ ժամկետը, եթե նա չմեղմացնի իր հայտարարությունները: Ցավոք, այաթոլլա Հոմեյնիի ժամանակներից ի վեր մնացած գործելաոճը, որը բաժանեց աշխարհը մահմեդականների եւ «շայթանների», հանգեցրեց նրան, որ այսօր Իրանը դիտվում է որպես մի երկիր, որից ինչ ասես կարելի է սպասել: Ճիշտ է, այդ տեսակետն այնքան էլ ընդունելի չէ, սակայն, այնուամենայնիվ, այն կա եւ դրա հետ Թեհրանը պետք է հաշվի նստի:

Այս ամենը չի կարող չանհանգստացնել Հայաստանին, քանի որ հնարավոր նոր պատերազմը տարածաշրջանում անմիջական ազդեցություն կունենա նրա վրա: Իրանը մեր հարեւանն է եւ շատ լուրջ գործընկերը տարածաշրջանում եւ Երեւանն ուղղակիորեն կամ ոչ հավանություն կտա երկրի իշխանության վարած քաղաքականությանը: Հազիվ թե կարելի է անտեսել այն փաստը, որ ըստ էության հենց Իրանն է մեր ամենահուսալի հարեւանը հաղորդակցությունների եւ աջակցության առումով: Առավել եւս, որ ներքին քաղաքականության որոշ հարցերում Հայաստանը սատարում է Իրանին, ելնելով սեփական շահերից, մասնավորապես, Հարավային Ադրբեջանի հարցում, որին առանց որեւէ հիմքի հավակնում է Բաքուն:

Ինչ վերաբերում է պաշտոնական Երեւանի դիրքորոշմանն Իսրայելի հարցում, ապա այն լիովին տեղավորվում է այն փոխլրացման արտաքին քաղաքականության շրջանակներում, որը Հայաստանը վարում է փոփոխական հաջողությամբ վերջին տասնամյակի ընթացքում: Անշուշտ, ավելի լավ կլիներ, եթե հրեական պետությունն ավելի չեզոք դիրքորոշում որդեգրեր Հայաստանի եւ ընդհանրապես հայերի հանդեպ, անտեսելով Անկարային, սակայն դեռեւս վաղ է այդ մասին խոսել:

Թե ինչով կավարտվի իրանա-իսրայելյան դիմակայությունն, առայժմ դժվար է ասել, սակայն մեկ բան հստակ է` ոչ ոք չի ցանկանում, որ նոր պատերազմ լինի տարածաշրջանում, որն առանց այն էլ գտնվում է մի քանի լոկալ պատերազմների եզրին, որոնք սպառնում են քաոսի վերածել Մեծ Մերձավոր Արեւելքը: Սակայն սա ամենահոռետեսական կանխատեսումն է, որը, հուսով ենք, չի իրականանա: Հավանաբար, կողմերը կշարունակեն կտրուկ հայտարարություններ անել, մինչեւ որ...որեւէ համաձայնության գան:

Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին

Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---