Ուզում էին լավ, ստացվեց ինչպես միշտ... Հայաստանի համար

Ամենայն հավանականությամբ, տարածաշրջանում առաջիկայում նախատեսվում են փոփոխություններ, որոնցում ոչ պակաս կարեւոր դեր կարող է խաղալ Եվրամիությունը` «Արեւելյան գործընկերություն» ծրագրով:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մեծ աղմուկ բարձրացրած ելույթը, որում նա Հայոց ցեղասպանությունն անվանել է «Մեծ Եղեռն» համարժեք արտահայտությամբ, բնականաբար, չի կարող նշանակել ԱՄՆ արտաքին քաղաքականության փոփոխություն: Եվ առավել եւս չի կարելի ասել, որ Օբաման հանկարծ սկսեց մեծ սեր տածել հայ ժողովրդի նկատմամբ: Ամեն ինչ շատ ավելի պարզ է. բառերով Հոլոքոստը հավասարեցնելով Հայոց ցեղասպանությանը, ԱՄՆ նախագահը փաստորեն Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները զրկել է իրավաբանական գնահատականից: Մինչեւ Հոլոքոստն ու Մեծ Եղեռնը համազոր դառնան իրավական առումով, շատ ժամանակ կանցնի:
PanARMENIAN.Net - Փաստորեն, կարելի է ասել, որ Օբամայի ուղերձը գրած մարդիկ այնպես են արել, որպեսզի ե'ւ գայլերը կուշտ լինեն, ե'ւ ոչխարները «ողջ» մնան, թեեւ Թուրքիան, միեւնույն է, դժգոհ է: Նախագահ Գյուլի եւ վարչապետ Էրդողանի խիստ քննադատությունը, Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրիին Թուրքիայի ԱԳՆ կանչելու հետ միասին, տպավորություն են ստեղծում, որ Անկարայում մտահոգված են Ամերիկայի հայկական համայնքին ԱՄՆ նախագահի հղած նույնիսկ այդպիսի ուղերձով: Համայնքն էլ է դժգոհ նախագահի խոսքերից: Ամերիկայի հայկական համագումարի նախագահ Հրայր Հովնանյանը բաց նամակ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում խոր հիասթափություն է հայտնել այն բանի առնչությամբ, որ ԱՄՆ նախագահը չի արտասանել «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: «Ձեր հայտարարությունը նահանջ է նախընտրական քարոզարշավի ժամանակ տրված խոստումներից»: Դիմելով նախագահին, Հրայր Հովնանյանն ընդգծել է, որ ողջ աշխարհի հայերին ոգեշնչել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Բարաք Օբամայի հստակ դիրքորոշումը: «Սակայն, չնայած պնդումներին, որ 1915 թ. իրադարձությունների վերաբերյալ ձեր հայացքները չեն փոխվել, դուք զիջեցիք թուրքերի պահանջներին եւ խուսափեցիք «Հայոց ցեղասպանություն» բառն օգտագործելուց», իր նամակում գրում է Հրայր Հովնանյանը:

«Վերջին ժամանակներս, Թուրքիայում ստեղծվում է Հայաստանի առավել դրական կերպարը: Ճիշտ է, դա վերաբերում է երկրի եվրոպական մասին, մեծամասնությունն, այնուհանդերձ, նախապատվությունը տալիս է ադրբեջանցիներին` որպես արյունակից ժողովրդի», - ասել է Իշիկ համալսարանի պրոֆեսոր Բյուլենտ Արասը: Դրա հետ միասին, թուրք պրոֆեսորը նշել է, որ աշխարհում ոչ ոք չի կարող խանգարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը` ո'չ ԱՄՆ-ը, ո'չ Ռուսաստանը: Բանակցային գործընթացով պետք է շահագրգռված լինեն միայն Թուրքիան եւ Հայաստանը», - ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ապա թուրք պրոֆեսորը հայտարարել է, որ «Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տուժել են ոչ միայն հայերը, այլեւ այլ ժողովուրդներ, այդ թվում թուրքերը»: «Անցյալը պետք է թողնել պատմաբաններին եւ ապրել ներկայով: Ինչու պետք է մենք միմյանց այցելենք Վրաստանի տարածքով, եթե կա կարճ ճանապարհ», - նշել է Արասը:

Թուրք պրոֆեսորը գտնում է, որ 1915 թվականից հետո թուրքերը կորցրել են իրենց ընկերներին` հայերին, ավելացնելով, որ Հայաստանը «ըստ էության, Անատոլիայի մի մասն է»: Դժվար է պրոֆեսորին չհանդիմանել սեփական պետության պատմությունը չիմանալու համար, առավել եւս վերջին 100 տարիների:

Սակայն Արասի հայտարարությունները թողնենք իր խղճին: Այստեղ կարեւորն այլ է, վերջին 10-20 տարիների ընթացքում համաշխարհային տերությունների, լինի դա ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը, քաղաքականությունը չի փոխվել, առավել եւս «հայկական հարցում»: Հայ-թուրքական սահմանի բացումը Ռուսաստանին անհրաժեշտ է Թուրքիային պահելու համար, իսկ ԱՄՆ-ին` դեպի Արեւմուտք Հայաստանին վերակողմնորոշելու եւ Ռուասատանի ազդեցությունից դուրս բերելու համար:

Ամենայն հավանականությամբ, տարածաշրջանում առաջիկայում փոփոխություններ են նախատեսվում: Եվ դա կապված է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հետ, այլեւ ընդհանուր փոփոխությունների, որոնցում պակաս կարեւոր դեր չի խաղա Եվրամիությունը` «Արեւելյան գործընկերություն» ծրագրով, որը, ինչքան էլ որ հակառակը պնդեն Եվրամիությունում, այնուհանդերձ, ուղղորդված է տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացմանը: Ինչը, իմիջիայլոց, Մոսկվայի համար առաջին անգամը չէ: Պարզապես, արդյունքում ստացվում է, որ Հայաստանը կրկին հարկադրված է ինչ-որ բան կորցնել` ի պատասխան ստանալով «բարեկամության» մասին խափուսիկ հայտարարություններ ...

Կարինե Տեր-Սահակյան
Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին

Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---