Նախագահների քաղաքական դերբին

Նախագահների միջեւ վեց հանդիպումների ընթացքում առաջին անգամ ոչինչ չասեցին նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք սովորաբար առույգ եւ լավատեսությամբ են խոսում «առաջընթացի, կառուցողականության, առաջխաղացման մասին»

Այն, որ Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը կավարտվի առանց տեսանելի արդյունքի, գրեթե ոչ ոք չէր կասկածում: Սակայն դա ոչ մի կերպ չազդեց Հայաստանի ու Ադրբեջանի այսպես կոչված քաղաքագետների վրա, որոնք ինչ-որ համաձայնագրի մասին էին խոսում, որը ստորագրվելու է Մոսկվայում, «ժողովրդների դավաճանության մասին», «հայրենիքը վաճառելու» մասին: Բավականին հետաքրքիր, եթե չասենք լուրջ բան տեղի ունեցավ` մամուլի ներկայացուցիչներ մոտ դուրս եկան ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, այլ նաեւ արտգործնախարարները:

PanARMENIAN.Net - Այս ամենը որոշակի եզրահանգումների տեղիք է տալիս, ընդ որում բավական անմխիթարական: Դատեք ինքներդ, նախագահների միջեւ վեց հանդիպումների ընթացքում առաջին անգամ ոչինչ չասեցին նույնիսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, որոնք սովորաբար առույգ եւ լավատեսությամբ են խոսում «առաջընթացի, կառուցողականության, առաջխաղացման մասին»: Եվ նույնիսկ լավատես Բրայզան բավական զգուշավոր էր իր գնահատականներում: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ որոշում կայացվել է հանդիպմանը, ընդ որում բավական արմատական որոշում, որի մասին խոսելը դեռեւ ժամանակավրեպ է: Դատելով Իլհամ Ալիեւի մռայլ դեմքից, բանակցություններն այնպես չեն ընթացել, ինչպես նա կցանկանար: Հավանական է, որ գազն այդպես էլ հաղթաթուղթ չդարձավ, այլ հավասար պայմանների դեպքում գլխավորն այնուամենայնիվ ռազմավարական գործընկերությունն է, որը ՌԴ-ին տարածաշրջանում օդի պես է հարկավոր, քանի որ ամբողջ թափով Մոսկվային դուրս են մղում եւ դա չի նկատի միայն ծույլը: Հարցն այն է, թե կգնա արդյոք ՌԴ-ն բացահայտ սրացման Հարավային Կովկասում եւ ինչպես դա կանդրադառնա Հայաստանի ու ԼՂՀ-ի վրա: Իսկ եթե հավելենք նաեւ ամերիկացի զինվորականների ու դիվանագետների հաճախակի դարձած այցերը Հայաստան, ապա իրավիճակը բավական տխուր է թվում: Եվրոպան եւս փորձում է ետ չմնալ` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Բաքու եւ դրան անմիջապես հաջորդած ԵՄ Տրոյկայի տարածաշրջանային այցը մոսկովյան հանդիպումից հետո: Դատեք ինքներդ` Հայաստանը ռազմական տեխնիկա է ստանում ՀԱՊԿ քվոտաներով, Ադրբեջանը շատ եւ հաջողությամբ զինվում է, թեեւ կարծես, զինվելու էլ տեղ չկա, որովհետեւ Ղարաբաղը «ետ բերելու» համար այդ քանակի զենք ու տեխնիկա հարկավոր չէ, Վրաստանը սպասում է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի այցին եւ այս ամենը Երեւանի դեմ Բաքվի ահագնացող քարոզչական պատերազմի պայմաններում:

Այս ֆոնի վրա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների «հանդարտ» հանդիպումը Մոսկվայի հսկողության տակ, արտառոց մի բան է: Նշանակում է, Մոսկվայում իրոք բեկում է գրանցվել եւ այժմ հաշվարկվում է, թե ինչ դա կբերի Լեռնային Ղարաբաղին: Մեծ հաշվով երկու ելք եւ երկուսն էլ կարող են պատերազմով ավարտվել` կամ վերջնականապես հաստատվում է ԼՂՀ որպես անկախ պետության կարգավիճակը, կամ համաշխարհային հանրությունը վերադարձնում է Բաքվին անվտանգության գոտին: Այստեղ կարեւոր չէ, թե քանի շրջան հարկ կլինի վերադարձնել, կարեւոր է բուն փաստը, որը դոմինոյի սկզբունքով ԼՂՀ-ն կվերածի ԼՂԻՄ-ի: Այսինքն, ինչին այդքան ձգտում է Ադրբեջանը վերջին 15 տարում: Ինչպես մենք արդեն ասացինք, պատերազմն անխուսափելի է երկու դեպքում էլ, ավաղ: Եվ հարկավոր է այդ պատերազմը Ռուսաստանին, որպեսզի, ինչպես արդեն ասել ենք, դուրս չմղվի տարածաշրջանից: Հասկանալի է, որ սկզբնական շրջանում Մոսկվան կսատարի ավանդական դաշնակցին, սակայն թե ինչ կլինի հետո, կանխատեսել չի կարող ոչ ոք: Եվ երբ ԱՄՆ-ն ու Եվրոպան խոսում են տարածաշրջանի աղետի մասին ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, նրանք իրավացի են, նրանց պատերազմ հարկավոր չէ, նրանք իրենց խնդիրներն այլ կերպ են լուծում: Առավել եւս, որ ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ Իրանը, թող տարօրինակ չթվա, միշտ չեն կողմնորոշվի դեպի Մոսկվան` ավելի թանկ է նստում, եւ չի էլ ստացվի: Մնում է Հայաստանը, որն իրոք կարող է լիակատար մեկուսացման մեջ հայտնվել զուտ օբյեկտիվ պատճառներով: Որքան էլ դա տհաճ լինի ռուսների համար, տարածաշրջանում նրանց ոչ ոք չի սիրում: Հանդուրժում են, այո, սակայն ցանկացած պահի պատրաստ են շրջվել դեպի Արեւմուտք, ինչպես դա արեց Վրաստանը, ինչպես պատրաստ է անել Ադրբեջանը: Նույնիսկ Իրանի ընդդիմությունն է սկսել վանկարկել «Մահ Ռուսաստանին», «Մահ Չինաստանին»: Իսկ սա արդեն լուրջ է, կողմնորոշման փոփոխությունը Իրանի արտաքին քաղաքականության մեջ սարերի ետեւում չէ եւ դրա մասին է վկայում այն, որ միջուկային ծրագրի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Ալի Աքբար Սալեխին, որը նոխկին դեսպանորդն էր Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում: Նրա մասին հայտնի է, որ նա դեմ է Իսրայելի հետ պատերազմին եւ սատարում էր ընդդիմության առաջնորդ Միր Հոսեյն Մուսավիին:

Մի խոսքով, «անարդյունք» հանդիպման մասին խոսակցություններն ավելորդ են: Տարածաշրջանը հերթական անգամ պատերազմի շեմին է հայտնվել եւ հերթական անգամ այն ցանկանում են վերաձեւել: Իսկ եթե հիշենք քրդերի, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Nabucco գազամուղի հետ կապված խնդիրները, որը ՌԴ-ի համար ինչպես ոսկոր լինի կոկորդում, կարելի է ենթադրել, որ աշնանը մեզ մեծ փոփոխություններ են սպասում: Ի դեպ, հենց աշնանն է տեղի ունենալու Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում

Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---