Ապրիլի 24-ի նախաշեմին թուրքերի մոտ «Սեւրի սինդրոմը» կարող է կրկին սրվել

Հիասթափեցնելով ԱՄՆ-ին Արձանագրությունների վավերացման հարցում` Թուրքիան կստանա միայն նոր խնդիրների «չափաբաժին»

Անկարային համար ծանր ժամանակներ են: Ապրիլի 24-ը սարերի հետեւում չէ, իսկ դա նշանակում է, որ «Սեւրի սինդրոմը» թուրքերի մոտ կարող է կրկին սրվել: Թուրքական կառավարությունը դժվարին ընտրության առաջ է: Թուրքիան կամ պետք է համաձայնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վավերացման հետ, ինչից նա երկար ժամանակ խուսափում էր, կամ պետք է հաշտվի նրա հետ, որ ԱՄՆ Կոնգրեսը կարող է վերջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

PanARMENIAN.Net - Այսպիսով, Թուրքիան ունի ընդամենը 2 ամիս, եւ թուրքական կողմը պետք է շտապի, քանի որ Կոնգրեսում բանաձեւի ընդունման կողմնակիցների շարքերը համալրվում են, իսկ Ցեղասպանությունը ժխտող կոնգրեսականները կարծես ճիշտ ժամանակին լքել են կամ պատրասվում են լքել Կոնգրեսը:

Ամեն դեպքում, Թուրքիայում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցությունն այդ ժամանակում պետք է վերջնական ընտրություն կատարի: Բացառված չէ, որ Անկարան կարող է բարի կամքի դրսեւորումներ ցուցաբերել Հայաստանի հանդեպ, բայց վերջնականապես չվավերացնի Արձանագրությունները: Նմանակման քաղաքականությունը նոր չէ թուրքական դիվանագիտության համար: Վաշինգտոնը, որը, պատկերավոր ասած, այդ երկխոսության «կնքահայրն» է, հազիվ թե թույլ տա Թուրքիային ձգձգել Արձանագրությունների վավերացումը եւ իրագործումը:

Բացի դրանից, ամերիկյան վարչակազմը կարող է սպառնալ Անկարային Հայոց ցեղասպանության բանաձեւով եւ «նրան տեղը դնել դավաճանության» եւ չափից դուրս ինքնագործունեության համար, որը հանդես էր բերել թուրքական խորհրդարանը 2003-ին` մերժելով ԱՄՆ-ին օգտագործել Թուրքիայի ռազմական բազաներն Իրաքում գործողություններ իրականացնելու համար: Չնայած Անկարայի հայտարարություններին, որ Թուրքիան այն երկիրը չէ, որին կարելի է ստիպել ինչ-որ բան անել, համենայն դեպս, կարելի է մեջբերել 2001-2004թթ. գործող Թուրք-հայկական հաշտեցման հանձանաժողովի (TARC) նախագահ Դեվիդ Ֆիլիպսի խոսքերը. «Թեեւ թուրքերը սիրում են ասել, որ ինչ-որ մեկի ճնշման տակ ոչ մի քայլ չեն կատարի, բայց թուրքերի հետ իմ աշխատանքի փորձից կարող եմ պնդել հակառակը: Մինչեւ նրանց վրա ճնշում չգործադրես, նրանք քայլեր չեն ձեռնարկի»:

Բայց միամիտ կլինի կարծել, որ Թուրքիան երկիր է, որը կողքից հետեւելու է ինտրիգներին, որոնք գերտերությունները լարում են իր թիկունքում: Անկարան արդեն Շվեյցարիա է ուղարկել իր ներկայացուցչին: Այն ժամանակ, երբ Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը Բեռնում բողոքում էր Երեւանից, որն իբր գործում է Արձանագրությունների ոգուն հակառակ, Թուրքիայի դեսպանն ԱՄՆ-ում անդրադարձել էր Հայոց ցեղասպանության բանաձեւին: Թուրքական դիվանագիտությունը դիմեց այն մեթոդներին, որոնք միշտ օգտագործում է ապրիլի 24-ի նախաշեմին. ԱՄՆ հասցեին սպառնալիքներ: Ինչպես հայտարարել է թուրք դիվանագետը, Կոնգրեսում Ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը եւ ընդունումն Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերություններում անցանկալի լարվածության կհանգեցնեն:

Այսպիսով, Անկարան ամերիկյան վարչակազմին նախազգուշացում է հղել, որը հստակ քայլերի է դիմում` աստիճանաբար մեծացնելով ճնշումը թուրքական ղեկավարության վրա: Թուրքիայի փորձերն Արձանագրությունների ձախողման դեպքում Երեւանին միջազգային ասպարեզում մեղավոր հանդես բերելու գործում գերտերությունների կողմից հավանության չեն արժանանում: Անկարան հասկանում է, որ այս գործընթացից շահող դուրս գալու իր հնարավորությունները մեծ չեն: ԱՄՆ-ն մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Երեւանի եւ Անկարայի միջեւ գործընթացը հաջողությամբ պսակվի, եւ պետք չէ սպասել, որ ԱՄՆ-ն այդքան հեշտ հանգիստ կթողնի Թուրքիային:

Արձանագրությունների հարցում Վաշինգտոնը Հայաստանից ոչինչ չի պահանջում: Երեւանը հստակ կատարում է իր վրա վերցրած պարտականությունները, եւ որքան էլ Անկարան աղաղակի այն մասին, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն Արձանագրությունների հարցում հակասում է Արձանագրությունների ոգուն, միեւնույն է, նա չի կարող խուսափել վավերացումից եւ իր պարտականությունները կատարելուց: Հիասթափեցնելով ԱՄՆ-ին` Թուրքիան կստանա միայն նոր խնդիրների «չափաբաժին»: Բացի դրանից, ԵՄ մուտք գործել ցանկացող երկրի հեղինակությունը խիստ կտուժի: Իսկ մինչ այդ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, որն արդեն քվեարկության է դրվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում, դամոկլյան սրի նման կախված կլինի Թուրքիայի գլխավերեւում: Առնվազն մինչեւ ապրիլի 24-ը:

Եկատերինա Պողոսյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին

Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---