Վաղ, թե ուշ Թուրքիան ստիպված կլինի կատարել այն քայլը, որից խուսափում է մոտ 100 տարի

Ակնհայտ է, որ Էրդողանը նման վրդովված արձագանք չէր սպասում անգամ սեփական երկրի կողմից, ուստիեւ ստիպված եղավ ներողություն խնդրել, բայց, բնականաբար, «թուրքական ձեւով»

Մի կողմ դնենք «100 հազար անօրինական հայ գաղթականների արտաքսման» մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունների առիթով մեկնաբանություններն ու վրդովմունքի ալիքը: Քաղաքական գործչի, առավել եւս Էրդողանի պես մեկի ցանկացած գործողություն որոշակի նպատակների է ծառայում, տվյալ դեպքում կարող ենք ենթադրել, որ այն ուղղված է ինչպես հայկական Սփյուռքին, այնպես էլ ներքին օգտագործմանը: Սակայն ակնհայտ է, որ Էրդողանը նման կտրուկ արձագանք չէր սպասում ողջ աշխարհում` ներառյալ Թուրքիայում:

PanARMENIAN.Net - Բայց եթե կողքից նայենք, ստացվում է, որ Էրդողանին պարզապես անկյուն քշեցին, կամ, ավելի ճիշտ` նա ինքն իրեն քշեց այդ անկյունը եւ այժմ չգիտի, թե ինչպես դուրս գա այդտեղից: Տարբեր մակարդակներում վերջին շաբաթվա ընթացքում Անկարայից հնչող հայտարարությունները խոսում են այն մասին, որ Թուրքիան իսկապես մոլորված է, եւ հարցն այստեղ միայն Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւերի ընդունման մեջ չէ: Արդարության եւ զարգացման կառավարող կուսակցությունը (AKP), ինչպես եւ երկրի ողջ քաղաքական վերնախավը հասկանում է, որ գործընթացը դադարեցնելն արդեն անհնար է: Եւ ապրիլի 24-ին էլ արդեն շատ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի հասցնել որեւէ առավել ազդեցիկ բան ձեռնարկել, քան դեսպաններին հետ կանչելը կամ շանտաժն է: Կամ ստիպված կլինեն հաշտվել անխուսափելիի հետ եւ ստորագրել Ցյուրիխյան Արձանագրությունները, կամ էլ հերթական անգամ ցույց կտան աշխարհին, որ Թուրքիան ու Օսմանյան կայսրությունը նույն բանն է, որքան էլ դա ժխտեն երկրի նախկին եւ ներկայիս ղեկավարները` սկսած Աթաթուրքից: Այս անգամ չի օգնի եւ հրեական լոբբին, որն այժմ զբաղված է ամերիկա-իսրայելյան հարաբերությունների վերականգնմամբ եւ թուրքական խնդիրների համար ժամանակ չունի: Միգուցե Անկարան ոչ մեծ օժանդակություն կստանա ՆԱՏՕ-ից «Ինջիրլիկ» ՌՕՈՒ կայանի համար, բայց այդ ամենը ժամանակավոր հետաձգումներ են, եւ վաղ, թե ուշ Թուրքիան ստիպված կլինի կատարել այն քայլը, որից խուսափում է մոտ 100 տարի:

Տեղին կլինի ասել` ակնհայտ է, որ Էրդողանը նման վրդովված արձագանք չէր սպասում անգամ սեփական երկրի կողմից, ուստիեւ ստիպված եղավ ներողություն խնդրել, բայց, բնականաբար, «թուրքական ձեւով»: Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի 100 հազար անօրինական գաղթականներին արտաքսելու հնարավորության մասին իր խոսքերը խեղաթյուրվել են արտասահմանյան լրատվամիջոցների կողմից: Ընդ որում, նա ընդգծել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել իր խոսքերի համար, որոնք սխալ են մեկնաբանվել: Մի հնարք, որը փորձված է եւ երբեմն աշխատում է: Բայց տվյալ դեպքում դիտարկվում է անգամ ոչ թե ներողություն խնդրելը, այլ սեփական մեղքի բարդելն ուրիշների վրա: «Դիմում եմ նրանց, ովքեր ցանկանում են խեղաթյուրել իմ խոսքերն ու խորհուրդ են տալիս ներողություն հայտնել. մենք շատ լավ գիտենք, թե ումից ներողություն խնդրենք»,- ընդգծել է Թուրքիայի կառավարության ղեկավարը: Հետաքրքիր է, թե ումից է, վերջիվերջո, ներողություն խնդրելու Թուրքիան` մեկուկես միլիոն սպանվածների ժառանգների՞ց, Սփյուռքի՞ց, որը կոտորածի արդյունքն է, թե՞ Հայաստանի Հանրապետության կառավարությունից: Իսկ միգուցե աշխարհի բոլոր հայերի՞ց... Դժվար թե հայերից կարող է ներողություն խնդրել Թուրքիայի որեւէ ղեկավար` անկախ կուսակցական պատկանելությունից, ուստի Էրդողանի խոսքերը ոչ այլ ինչ են, քան դեմքը չկորցնելու մի փորձ: «Ես մեր հայ քաղաքացիների մասին չէի խոսում»,- ճշտել է Թուրքիայի վարչապետը` ավելացնելով, որ BBC-ին տված` Թուրքիայի բազմանշանակ արձագանքը առաջացրած հարցազրույցում խոսքը գնում էր Հայաստանի` Թուրքիայում գտնվող անօրինական քաղաքացիների մասին:

«Ի տարբերություն տեղական լրատվամիջոցների, արտասահմանյան մամուլում «անօրինական գտնվող» արտահայտությունը չի մատնանշվել: Մենք հայկական արմատներով մեր քաղաքացիների հետ ոչ մի խնդիր չունենք: Ավելին, մեր կառավարման ընթացքում մենք շատ լավ հարաբերություններ ենք ստեղծել նրանց հետ»,- ասել է Էրդողանը: Իսկ ահա այստեղ նա շորթում է, քանզի ողջ միջազգային մամուլում նշվել էր «illegal immigrants» բառակապակցությունը: Թողնենք այս ամենը պրն Էրդողանի խղճին, որը խորհուրդ տվեց նաեւ խուսափել ցանկացած գործողություններից, որոնք կարող են բարդացնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Դրա գինը կվճարենք ոչ թե մենք, այլ նրանք, ովքեր բարդացնում են գործընթացը»,- նախազգուշացրել է Թուրքիայի կառավարության ղեկավարը: Եւ դարձյալ սպառնալիքներ, շանտաժ եւ այն բանի հույս, որ աշխարհը «կսթափվի» եւ չի խանգարի Թուրքիային` «լուսավոր եւ անբիծ պատմություն» ունեցող երկրին, կառուցել «ժողովրդավարական հասարակայնություն»: Ավելորդ չի լինի ընդգծել, որ, ինչպես մենք արդեն վերը նշեցինք, մինչեւ ապրիլի 24-ը Էրդողանի բոլոր գործողությունները ուղղված են լինելու այն բանին, որպեսզի նա դուրս պրծնի անկյունից եւ պատասխան հարված հասցնի: Ըստ ամենայնի, առայժմ դա Թուրքիային այնքան էլ չի հաջողվում: Բայց միգուցե եւ ստացվի, եթե միջազգային հանրությունը, ինչպես եւ հայերը բավարարվեն «ներողությամբ»... Հույս ունենանք, որ այս անգամ Թուրքիային չի հաջողվի պնդել իրենը, թեեւ պատմությունը ցույց է տալիս, որ, ի վերջո, հենց այդպես էլ ստացվում է, ցավոք:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին

Ալիևը ցրել է մեջլիսը․ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 1–ին Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---