ԵԱՀԿ ՄԽ. Ցանկանում էին ինչպես ավելի լավ է, բայց ստացվեց՝ ինչպես միշտ

ԵԱՀԿ ՄԽ ցանկությունները ճիշտ են, բայց միայն ոչ պաշտոնական Բաքվի համար, որը ոչ պատրաստվում է դիպուկահարներին հեռացնել ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծից, ոչ թողնում է քաղաքացիական ինքնաթիռների վրա հարձակվելու մտքերը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) ներկայացրել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերրեն դե Բրիշամբոյին դաշտային առաքելության զեկույց Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներում իրավիճակի մասին: Զեկույցն այնպիսին է, ինչպիսին կարելի էր սպասել. միջնորդները ցանկացել էին ինչպես ավելի լավ է, ստացվել էր ինչպես միշտ՝ աղոտ և միակողմանի:

PanARMENIAN.Net - Կարդալով զեկույցը՝ կարելի է ենթադրել, որ այն գրվել է ոչ թե ԵԱՀԿ ՄԽ կողմից, այլ Ադրբեջանի ԱԳՆ-ի: Եվ նույնիսկ ավելին, ոչ ոք ԼՂՀ հարակից տարածքներ չի մեկնել, այլ ուղղակի վերցել է Բաքվի տրամադրած տվյալները, և ստացվել է հաշվետվություն կոչված մի էջ: Ճիշտ է, ողջ զեկույցը դեռ հրապարակված չէ, և համանախագահներին ուղևորության ընթացքում ուղեկցում էին ԼՂՀ պաշտոնական անձինք, սակայն այն, ինչ հրապարակվել է, հանգեցնում է հենց վերոհիշյալ հետևություններին: Զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ այցելելով Ղարաբաղին հարակից տարածքներ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տեսան միայն «հակամարտության աղետալի հետևանքներ և խաղաղ կարգավորման ձեռքբերման տապալում»: Թե ինչպես են նրանք հասցրել դա տեսնել, հանելուկ է մնում: Ցանկացած հակամարտություն իր հետ բերում է ավերածություններ և բնակչության արտահոսք, և դա արդարացի է ոչ միայն ԼՂՀ, այլ նաև ողջ աշխարհի համար: Շարունակում ենք կարդալ. «Նախքան հակամարտությունը գոյություն ունեցած քաղաքներն ու գյուղերն այսօր գրեթե ամբողջությամբ ավերված են: Թեև հավաստի տվյալներ չկան, Լաչինի և Քելբաջարի քաղաքներում ու փոքր ավաններում ապրող բնակչության ընդհանուր թիվը գնահատվում է 14 000 մարդ»,- ասվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է նաև, որ համանախագահներն արձանագրել են, որ այդ շրջաններում 2005 թվականից ի վեր բնակչության զգալի աճ չի եղել: Համանախագահներին անգամ հաջողել է առանց որևէ փաստաթղթերի անձանց «հայտնաբերել» և կոչ են արել լուծել այդ մարդկանց խնդիրները»… Ստացվում է, որ իրականում համանախագահները սահմանափակվել են Ղարաբաղի ազատագրման տխրահռչակ կազմակերպության կամ նման այլ կազմակերպության պատմություններով: Բայց չէ որ առաքելության նպատակն էր պարզաբանել հակամարտության գոտում բնակվողների թիվը: Սակայն դրա փոխարեն միջնորդները բավարարվեցին նրանով, որ փաստեցին «դաժան իրականությունը»: Դրանում նրանք, որքան էլ տարօրինակ լինի, ճիշտ են. ադրբեջանական դիպուկահարների մշտական կրակոցների տակ ապրելը բավական բարդ է: Բայց ապրում են, և ոչ թե 14 000 մարդիկ, այլ շատ ավելի:

«Միայն հակամարտության խաղաղ կարգավորումը կարող է լավ հեռանկար դառնալ այդ տարածքներում ապրող մարդկանց և նրանց համար, ովքեր ապագայում ապրելու են այդտեղ»: Ավելին, ԵԱՀԿ առաքելության կողմնակիցները կոչ են արել խուսափել «այդ տարածքներում ցանկացած գործունեությունից և ապահովել գերեզմանատների և կրոնական օբյեկտների պահպանությունը»: Ադրբեջանական քարոզչությունն իր գործն արեց. միջնորդները տեսան (եթե տեսան) Ակնայի (Աղդամ) կիսավեր մզկիթը և դրանից հետևություն արեցին, որ ԼՂ-ում բոլոր մահմեդական հուշարձանները քանդված են և ոչնչացված: Միաժամանակ, հազիվ թե ՄԽ-ը չգիտի հայկական հուշարձանների ոչնչացման մասին ոչ միայն Ղարաբաղում ԽՍՀՄ 70 տարվա ընթացքում, այլ նաև անկախ Ադրբեջանում: «ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտադիր են հետագա առաքելություններ անցկացնել ղարաբաղյան հակամարտությունից տուժած այլ շրջաններում: Համանախագաներն անընդունելի են համարում ցանկացած ուժի կիրառում կամ ուժի սպառնալիք, այդ թվում՝ քաղաքացիական ինքնաթիռների դեմ: Դրա հետ կապված՝ նրանք վճռականորեն դատապարտում են սպանությունների անիմաստ շարքը և զորքերի շփման գծում պատասխան հարվածները: Միջնորդները կրկին հաստատել են իրենց նախկին դիրքորոշումն այն մասին, որ կողմերը պետք է պատրաստեն իրենց բնակչությանը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում:

ԵԱՀԿ ՄԽ ցանկությունները ճիշտ են, բայց միայն ոչ պաշտոնական Բաքվի համար, որը ոչ պատրաստվում է դիպուկահարներին հեռացնել ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծից, ոչ թողնում է քաղաքացիական ինքնաթիռների վրա հարձակվելու մտքերը:

Հայաստանում և Ադրբեջանում վերլուծաբանները համանախագահների հայտարարությունը հանգիստ ընդունեցին: Նրանց կարծիքով, մեկնաբանել հաշվետվությունը, որը չի արտացոլում դաշտային առաքելության ամբողջական պատկերը, առնվազն անլուրջ է: Ավելին, Ստեփանակերտը կարծում է, որ ինչ-որ բան խոսելը «մահացած կազմակերպության մեռելածին փաստաթղի մասին» ուղղակի անիմաստ է:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում

Ադրբեջանն արդեն մոտ 3000 մարդու է բնակեցրել հայաթափված Ստեփանակերտում Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---