ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՈՒԺԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԽԱԽՏՈՒՄԸ ՀՂԻ Է ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ

PanARMENIAN.Net - Պատերազմն Իրաքում կարող է դառնալ տարածաշրջանում իրավիճակի համընդհանուր ապակայունացման պատճառ, որը կարող է հանգեցնել Հայաստանի համար ճակատագրական հետեւանքների: «Արմինֆո» գործակալությանը նման կարծիք է հայտնել ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը: Նրա խոսքերով, կա Իրաքի պետականության փլուզման եւ Թուրքիայում իրավիճակի ապակայունացման իրական սպառնալիք, որը կհանգեցնի անկանխատեսելի իրադարձությունների Իրանում: «Եթե ԱՄՆ-ն շարունակի հաշվեհարդարը այսպես կոչված «չարիքի առանցք»-ի երկրների հետ, ապա գոյություն ունի տարածաշրջանում ուժերի ընդհանուր հաշվեկշռի խախտման մեծ հավանականություն, ինչը կարող է հանգեցնել Հայաստանի համար անկանխատեսելի հետեւանքների», - կարծում է Ա.Միհրանյանը: Նման դիրքորոշումը նա բացատրեց այն բանով, որ Հայաստանի քաղաքականության բոլոր առավելություններն ու նվաճումներն առնչվում էին հաշվեկշռի պահպանմանը ոչ կայուն տարածաշրջանում: «ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան այստեղ ստեղծել են այնպիսի իրավիճակ, որը Հայաստանին թույլ էր տալիս բնականոն հարաբերություններ պահպանել ինչպես ԱՄՆ-ի եւ Եվրոպայի երկրների, այնպես էլ` Իրանի եւ Ռուսաստանի հետ: Իրանում իրավիճակի հավանական բարդացումը, Ռուսաստանի սահմանափակ հնարավորությունները եւ Թուրքիայում իրավիճակի ապակայունացումը կարող են Հայաստանի առջեւ այնպիսի խնդիրներ առաջացնել, որոնք նա ի զորու չէ լուծել ինքնուրույն», - ընդգծեց քաղաքագետը: Նա պատահական չի համարել, որ Հայաստանը պաշտպանել է Իրաքում ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այդ հարցի քննարկմանը վերադառնալու անհրաժեշտության վերաբերյալ եվրոպական երկրների եւ Ռուսաստանի դիրքորոշումը: Այդպիսով, ընդգծել է Ա.Միհրանյանը, գրավելով տվյալ հարցում զուսպ դիրքորոշում, այսինքն, ակտիվ պաշտպանություն չհայտնելով պատերազմին, ու նաեւ առանձնապես չդատապարտելով հակաիրաքյան կոալիցիայի գործողությունները, հայկական դիվանագիտությունը շատ հարմար եւ հավասարակշռված դիրք է գրավել, քանի որ իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում Հայաստանը մեկուսացման մեջ չի հայտնվի:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---